Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի դիտակետում էր Արարատի մարզը. «Հայտնաբերվել են գերաղտոտվածության դեպքեր, խիստ անթույլատրելի իրավիճակ է Արարատի մարզում, արձանագրվել են նաև ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք վնաս են հասցնում միջավայրին ու գյուղատնտեսությանը»,-ասաց վարչապետը՝ հանձնարարելով ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման ու զարգացման, գյուղուտնտեսության, առողջապահության նախարարներին՝ ձեռնարկել ոռոգման ու կոյուղու ջրերի խառնման դեպքերի վերացման միջոցներ:
Վարչապետը հանձնարարեց նաև կիրառել օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:
ԼՈւՐԵՐ.com-ը Արարատի մարզպետարանից փորձեց ճշտել՝ ո՞րն է վարչապետի նշած անթույլատելի իրավիճակի պատճառը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը տրվել է ամիսներ առաջ, մարզպետերին իրենց մարզերը մաքուր պահելու հանձնարարականը նույնպես հնչել է ամիսներ առաջ:
Ստացվում է՝ Արարատի մարզում անտեսե՞լ են վարչապետի նախորդ հանձնարարականը հարցին՝ մարզպետ Արամայիս Սահակյանի տեղակալ Հայրապետ Բաբայանը պատասխանեց. «Վիճակը բարձիթողի անվանելու չէ: Վարչապետը բոլորին էլ հանձնարարականներ տալիս է, արտառոց ոչ մի բան չկա, ամեն ինչ աշխատանքային փուլում է, վերջերս շատ հաջող շաբաթօրյակ է եղել, տարածքային նախարարն էր եկել, ես ոչ մի բացթողում չեմ տեսնում այստեղ: Ամեն ինչ աշխատանքային է, աղբահանության հետ կապված էլ աշխատանքները տարվում են»:
Դիտարկմանը, որ ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքերի մասին ասաց վարչապետը, արդյո՞ք հնարավոր չէր առաջացած խնդիրն այնպես արագ լուծել, որ դա չհասներ Կառավարութուն, պաշտոնյան ասաց. «Ես չգիտեմ ինչն ի նկատի ունեք, էդպիսի բան չկա»:
Ճշտող հարցին՝ փաստորեն, վարչապետը չեղած բանի վերաբերյա՞լ է մի շարք գերատեսչությունների հանձնարարական տվել, Բաբայանն ընդամենն ասաց՝ «Կներեք, ես անցնեմ աշխատանքի»՝ ըստ էության՝ անպատասխան թողնելով հարցը:
Աղավնի Սուքիասյան