Արարատի մարզի որոշ դպրոցներում տնօրենները աշխատակիցների շրջանում տեղեկություններ են տարածել, թե մարզպետարանից հրահանգ է իջեցվել աշխատավարձերից պահել պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարները:

 

«Տնօրենն ասել է, որ մարզպետարանից թուղթ է եկել, հունվար ամսվա աշխատավարձից պետք է գումար պահեն»,- Tert.am-ին ասաց մի ուսուցիչ, ում նույնպես տնօրենն ասել է, որ աշխատավարձից պետք է պահումներ արվի:

 

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Tert.am հետ զրույցում հերքեց տեղեկությունները՝ ասելով, որ մարզում նման բան չկա, մարզպետարանից որևէ հրահանգ չի իջեցվել դպրոցների վրա:

 

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ, որոնցից առաջինը վերաբերում է պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն, իսկ մյուսը՝ քաղաքացու կողմից ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրությանը, որոնք չկատարելու դեպքում ընտրությունը պետք է կատարվեր նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Ստեղծված իրավիճակը ներկայացնելով՝ Tert.am-ի հետ զրույցում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն ասաց, որ պետական հիմնարկները կախման մեջ են տարբեր պետական ատյաններից, և այդ կերպ ցանկանում են ապացուցել, որբ օրենքը գործում է, աշխատողների համար փոխանցումներ են կատարվում:

 

«Սա արհեստական ստեղծված միֆ է, իբր օրենքը սկսում է գործել, և ժողովուրդը կողմ է դրան: Բայց միանշանակ է, որ ոչ ոք կամավոր ոչ մի ֆոնդ չի ընտրում, քանի որ մարդիկ բավարար գիտելիքներ չունեն դրանց մասին, իրազեկված չեն»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ գործատուները չեն տուգանվելու, եթե գումարը ֆոնդերին չփոխանցվեն:
Վերջինիս ներկայացմամբ՝ իրականում անգամ եթե պահումներ կատարվեն, որոնք դեռևս օրենքով կասեցված չեն, պետք է չփոխանցեն ֆոնդերին, որովհետև դեռ ոչ ոք չի ընտրել իր կուտակային ֆոնդը:

 

«Իրականում չկա որևէ մեխանիզմ, այնպես որ անգամ եթե պահում են կատարում՝ չփոխանցել որևէ ֆոնդի: Իսկ աշխատողներին պարտադրել, որ ֆոնդ ընտրեն չեն կարող: Պահումը չի կասեցվել, բայց տրամաբանությունը, որով կասեցվել է այդ երկու հոդվածները, այնպիսին է, որ չի կարելի այս պահին աշխատողների գումարները փոխանցել ֆոնդերին»,-ասաց նա։

 

«Խորհուրդ կտամ բոլորին պահումների դեպքում գործատուին դիմել գրավոր, որպեսզի պարզ դառնա, որ դա իրենց կամքին հակառակ է եղել, որովհետև բոլոր հիմքերն ունենք, որ օրենքը հակասահմանադրական է ճանաչվելու»,– ավելացրեց Մանե Թանդիլյանը:

 

Ինչ վերաբերում է Պետեկամուտների կոմիտեին հաշվետվություն ներկայացնելուն, Մանե Թանդիլյանը, ով նաև հաշվապահ է, ասաց, որ հաշվարկելը և վճարելը տարբեր բաներ են, վճարելը բացարձակ անկախ է այդ հաշվետվությունից. «Հաշվարկի միջոցով չէ, որ մենք վճարում ենք կատարում: Այդ կետը ՊԵԿ-ի համակարգում անցած տարվանից կար, բայց չենք վճարում, եթե պարտավորություն չունենք»:

 

Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի են դուրս եկել նաև մարզերը: Փետրվարի 8-ին «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության վանաձորյան թիմը պատրաստվում է երթ անցկացնել: Ինչպես նախաձեռնության անդամն ասաց, Վանաձորի նախաձեռնող խումբն առանց որևէ միջամտության ինքնակազմակերպվել է։ Արդեն խմբեր են ձևավորվել նաև Ալավերդի, Կապան, Գյումրի քաղաքներում։

 

«Մենք ուղղակի ողջունում ենք դա, մենք պատրաստվում ենք միանալ իրենց երթին»,-ասաց նա՝ նշելով, որ մեծանում է պայքարի աշխարհագրությունը։

 

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանն էլ ասաց, որ իրենք պատրաստվում են հիմնարկ-ձեռնարկություններ այցելել, որպեսզի մասնակցեն իրենց նախաձեռնած ֆլեշ-մոբին:

 

Պահումների մասով ասաց, որ դեռ կոնկրետ դեպքեր չգիտի. «Այս պահի դրությամբ ինչ-որ բողոքներ չենք ստացել: Մեզ մոտ գործատուներն էլ կտրականապես դեմ են այդ օրենքին, բոլորը դժգոհ են, որովհետև համատարած անվստահություն է»,- ասաց նա:

 

Նշենք նաև, որ Երևանում երթ կանցկացվի փետրվարի 6-ին՝ «Նվաճում ենք մեր իրավունքները» խորագրով: Այն կմեկնարկի ժամը 12:00-ին, հավաքվում են Կրթության և գիտության նախարարության շենքի մոտ (Վերնիսաժի այգի): Որոշ ժամանակ կոչեր հնչեցնելուց հետո կսկսվի երթը՝ հետևյալ երթուղով՝ Հանրապետության փողոց-Կառավարության շենք-Իտալիայի փողոց-Կենտրոնական բանկ-քաղաքապետարան-Խորենացու փողոց–ՊԵԿ: