«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրել էր, թե ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատման հրահանգ է տվել Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արևիկ Սաֆարյանին, իսկ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից սպառնացել են դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանին' պահանջելով շտապ կատարել հրահանգվածը: Թերթի հավաստմամբ Արևիկ Սաֆարյանը, համառորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները, մտել է դասարան և դասավանդել:

 

Լուրն իրականության և ճշմարտության հետ որևէ առնչություն չունի:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանը տեղեկացրեց, որ նման բնույթի խնդիր առկա չէ և չի էլ կարող լինել, քանզի ոչ ոք իրավասություն չունի մանկավարժի հետ վարվելու այլ կերպ, քան նախատեսված է ՀՀ օրենքով:
Գորիսի թիվ 3 դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանը հայտնեց, որ դպրոցում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և նման ապատեղեկատվությունն անհասկանալի է իրեն:

 

ՀՀ ԶԼՄ օրենքը արգելում է կեղծ և չստուգված լրատվությունը: Սյունիքի մարզի բոլոր դպրոցներում աշխատանքներն ու դասապրոցեսներն ընթանում են ՀՀ կրթության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով. Մարզպետարանն իր իրավասության շրջանակներում ապահովվում է մարզում պետական կրթական քաղաքականության իրականացումը: