Այսօր Եռաբլուրում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդո՞ք Հոկտեմբերի 27 չունենալու դեպքում կունենայինք այլ որակի Հայաստան:
Հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահը հստակ պատասխանել էր՝ ոչ:
Արա Բաբլոյանի այս տեսակետը չի կիսում ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը. «Եթե այդ թիմը մնար, այդ համախմբվածությունը մնար, անպայման իր դրական արդյունքները տալու էր, իսկ մեր զարգացման ընթացքը հետ ընկավ»:
Անդրադառնալով Արա Բաբլոյանի տեսակետին՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դա մեծ հարված էր Հայաստանին, մեզնից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ապաքինվենք, ոտքի կանգնենք, դա արդեն ետ գցեց մեր երկրի զարգացումն էլ, մնացած բոլոր ծրագրերն էլ։ Այդ օրերին առնվազն երկու անձի շուրջ կար համախմբում, դա ակնհայտ էր: Այդ վստահության արդյունքում էր, որ որևէ մեկը կասկածի տակ չէր դնում ընտրությունները: Բոլորն ընդունում էին այդ դաշինքի իշխանությունը, սա մեծ պլատֆորմ էր, որի վրա կարելի էր մեծ հեռանկարային ծրագրեր կառուցել, իրավիճակի սթափ գնահատում կար, երկիրը գտնվում է ծանր ճգնաժամային վիճակում և այդ իրավիճակը փոխելու խնդիրներ էր դրվում», - ասաց նա։
Խոսելով հասարակության շրջանում եղած անվստահության մասին առ այն, որ հոկտեմբերի 27-ի դեպքերն այդպես էլ չեն բացահատվի, Արմեն Ռուստամյանն ասաց.«Այդպիսի դեպքերը միշտ էլ միանշանակ ընկալում չեն առաջացնում, բայց 18 տարվա ընթացքում շատ ծայրահեղականացված ու չափազնացված վարկածներ այսօր չեն հնչում»: