Կարմիր գրքում գրանցված արջերին` Հայաստանում ռեստորաններում ու հյուրանոցներում պահելու թեման և միջազգային պարբերականի հրապարակումն այդ մասին շարունակում է մնալ հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում: Այս թեմայի նկատմամբ հատկապես անտարբեր չեն Հայաստանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն ու բնապահպանները:
Այսօր` հոկտեմբերի 28-ին, կազմակերպված քննարկման ժամանակ բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանը կարծիք հայտնեց, որ անկախ այն բանից` բնապահպաններն ու Հայաստանում բնության և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն ամեն ինչ անում են կենդանիների և բնության պահպանության համար, սակայն պատկան մարմինների անտարբերությունը հասցրել է նրան, որ այդ աշխատանքն արդյունք չի տալիս, անգամ խնդիրը հասնում է միջազգային հեղինակավոր պարբերականներին:
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում պահում են արջեր: Երևանում միայն կա յոթ ռեստորան, որտեղ արջեր և անգամ գայլ է պահվում: Հանրությունը պետք է աղաղակի այնքան ժամանակ, մինչև պատկան մարմինների կողմից լինի արձագանք և կարողանան հասկանալ, որ արջը պետք է ապրի ազատության մեջ»,- ասաց բնապահպանը՝ նշելով, որ Հայաստանում բացի ռեստորաններից արջերն ապրում են նաև մասնավոր տարածքներում:
Քննարկմանը ներկա էր նաև «Ջամբո Էկզոտիկ պարկ-ռեստորան»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը, ում խոսքով՝ արջերի համար պետք է ստեղծել լավ պայմաններ և տուգանքներ սահմանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր արջերին բերում և պահում են անազատության մեջ. «Քրեական պատասխանատվության պետք է ենթարկել այն մարդկանց, ովքեր քոթոթներին վերցնում և պահում են: Վայրի կենդանին սովոր է որսի և սխալ է նրանց բերել և պահել անազատության մեջ, իսկ նրանց հետ տանել և բաց թողնելը կրկնակի վտանգավոր է: Արջերը հարձակվելու են գյուղացիների վրա, արդյունքում ունենալու ենք սարսափելի դեպքեր»,-ասաց Վարդանյանը:
Նա, որպես ելք առաջարկեց ընդամենը բարելավել արջերի պահպանման պայմանները, կատարել ստերիլիզացման աշխատանք, թույլ չտալ, որ նրանք բազմանան. «Սա է միակ ելքը, հակառակ պարագայում կստացվի այնպիսի իրավիճակ, որ եթե արջերը վանդակում լավ պայմաններում չէին ապրում, ազատության մեջ գտնվելով կդառնան խիստ վտանգավոր հասարակության համար»:
Քննարկման բանախոս «Էկզոտարիում»-ի հիմնադիր Կարեն Մարտիրոսյանի խոսքով՝ հասարակությունն ունի տեղեկացվածության խնդիր, ինչն էլ բերել է նրան, որ օրինակ Հայաստանում պահվող արջերի թեման դարձավ միջազգային մամուլի թիրախ. «Մեր հասարակությունը տեղեկացված չէ, չգիտի, որ այն արջի քոթոթը վերցրել և պահում է, սիրում և կերակրում, մի քանի ամիս անց լուրջ վտանգ է դառնալու ոչ միայն իր, այլ նաև միջավայրի համար: Այնպես որ ամեն ինչ պետք է ստեղծել քաղաքացու տեղեկացվածությունը բարձրացնելու համար»,-խորհուրդ տալով` չոգևորվել հանգամանքից, որ միջազգային պարբերականն է մեզ մոտ պահվող արջերի մասին ահազանգել. «Մենք բազմաթիվ անգամներ ենք ահազանգել այդ անազատ արջերի մասին, այնպես որ պետք է չէ միջազգային պարբերականի հոդվածով որգևորվել, որովհետև նույն միջազգային կառույցները միայն ահազանգ հնչեցողների դերում են հանդես գալիս, իսկ երբ նրանցից լուծման տարբերակ ես ուզում, առաջարկելու որևէ բան չունեն»:
Վերջում քննարկման մասնակիցները նշեցին, որ խնդրի լուծումը տեղեկացվածությունից զատ օրենսդրական կարգավորումն է, որին պետք է ձեռնամուխ լինի Կառավարութունը:
Աղավնի Սուքիասյան