Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում նոր սկանդալ է հասունանում: Փաստաբան Վահագն Գասպարյանի խոսքով՝ այս դպրոցում պետք է տնօրենի ընտրություն կայանար օրենքով սահմանված կանոնակարգերի համապատասխան, որոնցից մեկով նախատեսված է, որ նախարարությունից պետք է լինի ներկայացուցիչ, ով, սակայն, չի ներկայանում տնօրենի ընտրության մրցույթին միտումնավոր. «Տնօրենի ընտրության համար նորից է նիստ հրավիրվում, որին նորից կրթության նախարարության ներկայացուցիչը չի ներկայանում: Մյուս խախտումը արձանագրվում է, երբ մրցույթի չափանիշներին չհամապատասխանող մարդ է ներկայանում որպես մրցույթի մասնակից: Նախարարությունը խախտում է օրենքը և ցանկանում է իր մարդուն՝ Վերգինե Եսայանին նշանակել տնօրենի պաշտոնում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս պահին գործը գտնվում է դատարանում, իսկ նախարարությունը միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը վերացնի փաստական հիմքերը՝ նշելով, որ դրանց անհրաժեշտությունը չկա:
Փաստաբան Էդուարդ Աղաջանյանի խոսքով էլ այս դպրոցի տնօրենի ընտրությունների համար կազմակերպված մրցույթներն արհեստականորեն են վիժեցվել, որպեսզի նախարարն այդ ժամանակ օգտագործի իր իրավունքը և իր որոշմամբ էլ նախարար նշանակի. «Այժմ դպրոցի տնօրեն է նշանակվել «նախարարության մարդը», ով երբեք չի աշխատել այս հատուկ դպրոցում և չի տիրապետում այնպիսի մասնագիտական նյուանսների, որոնց տիրապետում են հատուկ դպրոցում աշխատած մարդիկ: Դպրոցի տնօրենը դաշնակցական Բագրատ Եսայանի կինն է՝ Վերգինե Եսայան, փաստորեն նախարարն իր դաշնակցական ընկերոջ կնոջն է նշանակել պաշտոնի, այս քայլով նախարարն ընդամենն իր կուսակցական գործընկերոջն է լավություն արել , իսկ մենք ցանկանում ենք, որ պատշաճ ընտրություն անցկացվի»:
ԼՈւՐԵՐ.com-ը դպրոցի ներկայացուցիչներից հետաքրքվեց՝ ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել, եթե նախարարությունը չարձագանքի իրենց խնդրին:
Թիվ 17 դպրոցի մանկավարժ և ծնող Համեստ Փիրումյանը նշեց, որ Վերգինե Եսայանի պաշտոնվարման ընթացքում ի հայտ են եկել խախտումներ, իսկ տնօրենը դիմում է շանտաժի. «Նա ահաբեկում է ողջ կոլեկտիվին՝ վախեցնելով, որ աշխատավարձ չենք ստանա, եթե շարունակենք իր դեմ դուրս գալ և դասադուլներ կազմակերպել»:
Քննարկման մասնակից մեկ այլ մանկավարժ էլ, ներկայացնելով դպրոցի ողջ մանկավարժական անձնակազմի ցանկությունը, նշեց, որ ցանկանում են դպրոցում աշխատի օրինական ճանապարհով ընտրված տնօրեն և իրենց պայքարը Վերգինե Եսայանի անձի դեմ չէ, նրանք պայքարում են ընդամենը նախարարության անարդարության դեմ:
Աղավնի Սուքիասյան