Հայաստանը 2018թ. շարունակելու է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը ներկայացրեց այն գործոնները, որոնք թույլ են տալիս նման պնդում անել: Վարդան Արամյանը նախ շեշտեց, որ Հայաստանին տրամադրված արտաքին վարկերի մեծ մասը՝ 65 տոկոսն արտոնյալ պայմաններով են: «Դրա համար, երբ մենք խոսում ենք պարտքի կառավարելիության տեսանկյունից, շատ կարևոր է, թե ինչպիսի կառուցվածք ունի պարտքը: Ընդունված կանոն է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերը հիմնականում արտոնյալ են լինում և դրանց մասով հիմնականում արտաքին ճգնաժամեր աշխարհում չեն նշմարվում: Կարևոր է նաև տոկոսադրույքը: Մեզ մոտ վարկերի գերակշիռ մասը ֆիքսված տոկոսադրույքով է, ինչն ազդարարում է այն մասին, որ հիմնականում պարտքի կառավարման տեսանկյունից հոսքերի գերակշիռ մասը մեզ համար տեսանելի է և անակնկալներ չենք կանխատեսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց նախարարը:
Նախարարը հավելեց, որ պարտի մարման միջին ժամկետի կոմֆորտ գոտին միջազգային պրակտիկայում 8-11 տարին է, իսկ Հայաստանը գտնվում է 8.5 տարի մարման տիրույթում, ինչը նշանակում է, որ այստեղ ևս ռիսկերը մեծ չեն: «Այս ցուցանիշի կարևորությունը կայանում է նրանում, որ որքան պարտքի մարման միջին ժամկետը կարճ է, այնքան պետությունը կարող է խնդիրներ ունենալ լիկդիվայնության հետ: Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս առումով կոմֆորտ գոտում է»,-պարզաբանեց Արամյանը:
ՀՀ ֆինանսների նախարարը հստակեցրեց, որ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը 48 տոկոսն է, իսկ Հայաստանի համար 2018թ. վերջին այդ հարաբերակցությունը կլինի 41 տոկոս: Ընդ որում՝ նախարարը նկատեց, որ այդ հարաբերակցությունն այս պահին 43 տոկոս է, իսկ հաջորդ տարի այն նվազելու է՝ դառնալով 41 տոկոս:
Պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-արտահանում հարաբերակցության առավելագույն շեմը 132 տոկոս է, իսկ Հայաստանի համար 2018թ. ակնկալվում է այդ հարաբերակցության 113 տոկոս: