ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ում հոկտեմբերի 28-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է գործարանի երիտասարդ աշխատակից, ում, ըստ մեր տեղեկությունների, այսօր հուղարկավորել են:
Նմանանատիպ դժբախտ պատահարների մասին սովորաբար պաշտոնապես օպերատիվ կերպով հանրությանը տեղեկություն է տրամադրվում համապատասխան մարմինների կողմից, ինչն այս դեպքում չէր արվել:
Սակայն մեզ հաջողվեց տեղեկությունը ճշտել ՀՀ քննչական կոմիտեից: Նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց այս լուրը՝ նշելով. «Այսօր Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի երկրորդ մասով: Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Չարենցավանի բաժին այն մասին, որ ընկերության տարածքից բժշկական կենտրոն է տեղափոխվել 1994 թվականին ծնված երիտասարդի դի: Ահազանգի հետ կապված՝ նյութեր ենք ստացել: Հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքաննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար:
Սոնա Տռուզյանը նաև հավելեց, որ նախնական տվյալներով՝ երիտասարդը փորձել է ստուգել հալման արտադրամասի շարժիչի խափանման պատճառը, որի ժամանակ շարժիչն ընկել է նրա վրա, և երիտասարդը տեղում մահացել է:
Հիշեցնենք, որ այս ընկերությունում սա առաջին դեպքը չէ, երբ գործարանում աշխատակիցներ են մահանում շահագործվող տեխնիկայի անսարքության պատճառով:
Գործարանում մահվան դեպք գրանցվել է նաև նախորդ տարի: