Ազգային ժողովում այսօր շարունակվում են 2018 թվականի բյուջեի քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց տարբեր գերատեսչություններին հատկացվող ֆինանսական հոսքերի չափը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ՝ այս տարվա բյուջեն կազմում է մեկ տրլիոն երեքհարյուր միլիարդ դրամ:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է բյուջեն հավաքվել մեկ տրիլիոն երեք հարյուր միլիարդ, երբ կարող էր ավելի շատ հավաքվել, եթե իշխանությունները մենաշնորհատերերին կարողանային թելադրել խաղի կանուններ. «Ավելի լավ բյուջե կարող էինք ունենալ, եթե Կառավարությունն իր ստղեղծած մոնոպոլիանների տերերին պարտադրեր կամ վճարել ավելի շատ հարկ, կամ նրանց համար փոխեր խաղի կանոնները»,-ասաց պատգամավորը:
Հարցին ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ իրենք հարկ հավաքելու այլ տարբերակ չունեն, քան օրենքով նախատեսվածն է:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ Ջանջուղազյանից հետաքրքվեց՝ արդո՞ք այն գործիքակազմը, որը տանում է ստվերի կրճատման, ռեալ է, և դրա կիրառման դեպքում ստվերը հնարավոր կլինի կրճատել:
Ատոմ Ջանջուղազյանը, հստակ չպատասխանելով հարցին, ընդամենը նշեց, որ միջոցառումներ են իրականացվում ստվերի կրճատման համար՝ պատգամավորին խորհուրդ տալով լինել լավատես:
Այս պատասխանը չբավարարեց Հարությունյանին և նա էլ իր հերթին՝ խորհուրդ տվեց թվեր մեջբերելուց զատ՝ առաջին հերթին ներկայացնել կոնկրետ գործողություններ: