Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունի բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը»,-ասաց նա:
Կարապետյանի խոսքով՝ չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցներին` ներկայում գործող կարգավորումներն անբավարար են:
«Հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չի սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը»,-ասաց Կարեն Կարապետյանը:
ելնելով վերոգրյալից՝ վարչապետը հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարներին՝ մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ. «Նախնական մենք քննարկել ենք սա սոցապնախարարի ու առողջապահության նախարարի հետ. այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են, պրինցիպիալ, որակապես փոխելու է այդ ոլորտը, այնպես որ` մեկ ամսվա ժամկետի մեջ՝ վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ»,-ասաց Կարեն Կարապետյանը: