Անդորրայի առաջնությունը աղքատ լիգա է, խաղացողները պրոֆեսիոնալ չեն և մենք միշտ հարգանքով ենք մոտենում առավել ևս հայկական թիմերին, որոնք միշտ ուժեղ են: Բայց մեր նպատակն այս փուլն անցնելն է: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» պատասխան դիմակայությունից առաջ, ասաց մրցակցի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը:
Խոսելով առաջիկա դիմակայության մասին մարզիչը հավելեց.
«Վստահ եմ' շատ բարդ խաղ է լինելու վաղը: Ֆիզիկապես հայերը շատ ավելի լավ են պատրաստված: Լրջորեն կազմված թիմ է: Առաջին խաղի արդյունքը նկատի առնելով հույսեր ունենք, և լավատես ենք»:
Համեմատելով երկու տարի առաջ «Բանանցի» ցուցադրած խաղը ներկայիս «Ալաշկերտի» հետ մարզիչն ասաց.
««Ալաշկերտի» ֆուտբոլիստները ֆիզիկապես ավելի լավ են պատրաստված և տակտիկական առումով ավելի կազմակերպված են, քան «Բանանցը»»:
Խոսելով իր թիմի մասին մարզիչը նկատեց, որ իրենք ավելի կազմակերված ֆուտբոլ են ցուցադրում քան, երկու տարի առաջ:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը տեղի կունենա վաղը Հանրապետական մարզադաշտում: Թիմերի միջև առաջին դիմակայությունն ավարտվել էր ոչ-ոքի: