Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա հսկողություն hաստատած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը՝ ԻԼԻՊ-ը, որ վերջերս հայտարարել էր գրաված տարածքներում Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, բավականին հզոր է և ի վիճակի է խաղի նոր կանոններ թելադրել: Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը' անդրադառնալով ներկայիս Սիրիայի և Իրաքի միջև իսլամական խալիֆայության ստեղծմանը և դրա ազդեցությանը տարածաշրջանային զարգացումներում:

 

Արաբագետի կարծիքով' այս նոր կառույցը ավական ներուժ ունի մարտահրավեր նետելու գոյություն ունեցող կարգերին: Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին' Գրիգորյանը նշեց, որ կառույցը 2013 թվականի կեսերից է հայտնվել Թուրքիայի սահմանին և լուրջ մարտահրավեր է Թուրքիայի համար: «Այն իսլամական ծայրահեղական կառույց է, որը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը չի համընկնում իր շահերին»,-նշեց Գրիգորյանը: Միաժամանակ արաբագետը նկատում է, որ դա մնացել է հայտարարությունների մակարդակով, ինչը վկայում է որոշակի համագործակցություն մասին:

 

Անդրադարձ կատարվեց նաև քրդական գործոնին: «Քրդերն արդեն ունեն բավական լուրջ զորամիավորումներ, որոնք պահպանում են թիկունքը: Բավականին երկար սահմանագիծ ունեն իսլամական խալիֆայության հետ և մարտկան են տրամադրված: Հայտարարում են, որ նրանց ներկայությունն այս տարածքներում վերջնական է և քննարկման ենթակա չէ: Թեև քրդերի մեջ կան լուրջ տարաձայնություններ, բայց երբ գործը վերաբերում է ազդեցության տարածմանը, ապա նրանք մի կողմ են դնում այդ տարաձայնությունները և միասնական կերպով պայքարում են, որ այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ անցնեն: Այսպիսով, այն, որ քրդերը դարձել են տարածաշրջանի ազդեցիկ գործոններից, դա միանշանակ է»,- ասաց նա:

 

Հունիսի 29-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը՝ ԻԼԻՊ-ը, հայտարարել է, որ իր գրաված տարածքներում հիմնում է Իսլամական խալիֆաթ: Խմբավորման մամուլի քարտուղար Աբու Մուհամմադ ալ Ադնանին նշել է, որ խմբավորման խորհրդատվական խորհուրդը, ղեկավարությունը և անդամները որոշել են հայտարարել իսլամական խալիֆաթ կազմավորելու և Աբու Բաքր ալ Բաղդադիի մուսուլմանների խալիֆաթի ղեկավար դառնալու մասին: Ալ Բաղադին արդեն ընդունել է առաջարկությունը:

 

ԻԼԻՊ խմբավորումը ռազմական գործողություններ է ծավալում Իրաքում և Սիրիայում, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սուննի իսլամական պետություն: 2014թ. փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից հայտարարվել է ահաբեկչական: