Կառավարության նիստերից մեկի ժամանակ գործադիրը հավանություն տվեց «Գրին ֆարմեր» ընկերությանը, որի սեփականատերերից են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները՝ Հենրիկ եւ Ռուբեն Հարությունյանները, հարկային արտոնություններ տալուն:

 


Կառավարության որոշման մեջ նշված է՝ «Գրին Ֆարմեր» ընկերությունը, որը Երասխում հիմնում է ինտենսիվ այգիներ եւ պատրաստվում է ավելի քան 2 միլիոն դոլարի ներդրում իրականացնել, ազատվելու է ներկրող ապրանքների մաքսատուրքից, ինչպես նաեւ երեք տարով հետաձգվելու է սահմանի վրա գանձվելիք ավելացված արժեքի հարկի վճարումը:

 


Այսօր Ազգային ժողովում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են մեր երկրում սովորաբար արտոնություններ ստանում պաշտոնյաներն ու նրանց փոխկապակցված անձինք; Հարցին ի պատասխան՝ Հարությունյանը վստահեցրեց, որ հարկային արտոնություններ ստանում են բոլոր նրանք, ովքեր դիմում են՝ խորհուրդ տալով ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ ճշտել այդ ցանկը:

 


«Իմ տղաները ներդում են անում, չանե՞ն էս երկրում ներդում: Նրանք ջերմոցներ են դնում, իսկ հարկային արտոնություն ստանում են բոլոր նրանք, ովքեր դիմում են»:
Նշենք, որ այս ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է ջերմոց, որտեղ ներդրումների ծավալը կազմում է շուրջ 12 միլիոն դոլար: