Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիր դեռևս չկա: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ:
«Առայժմ իրականացվում է երկրորդ էներգաբլոկի աշխատանքի երկարացման ներդումային ծրագիրը, որը կավարտվի 2020 թվականին: Նշված ծրագրի ավարտից հետո ՄԱԳԱՏԷ-ի մեր գործընկերների աջակցությամբ կհաշվարկվի և կհաստատվի վերակառուցման արդյունքում էներգաբլոկի լրացուցիչ ռեսուրսը, թե ինչքան է հնարավորություն տալիս շահագործելու, որից հետո արդեն նոր որոշում կկայացվի, թե երբ և ինչ հզորությամբ կառուցվի նոր էներգաբլոկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև հողմային էլեկտրակայանների կառուցման ծրագրից, ինչի վերաբերյալ փոխնախարարն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում երեք կազմակերպության հետ հողմային կայաններ կառուցելու պայմանագրեր են կնքվել: