Իրանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ատոմային էլեկտրակայանի երկու էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է իրանական «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին:

 

«Ռոսատոմ» պետական կորպորացիայում հրաժարվել են մեկնաբանություններից:

 

Ավելի վաղ Քամալվանդին ասել է, թե Իրանը որոշել է Ռուսաստանի օժանդակությամբ ԱԷԿ-ի ևս երկու էներգաբլոկ կառուցել Բուշերի նահանգում: Նրա խոսքով՝ ԱԷԿ-ի յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի հազար մեգավատ: Կայանի շինարարությունն իրականացվելու է Իրանում ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ ավելի քան 20 տարի առաջ Մոսկվայի հետ ստորագրված պարտավորագրի շրջանակներում:

 

Ավելի վաղ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ Իրանի հետ միջկառավարական համաձայնագիր կստորագրի ԱԷԿ-ի 8 էներգաբլոկների կառուցման մասին: Զրուցակցի խոսքով՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիան պլանավորում է մինչև 2014 թվականի վերջը Բուշերի ԱԷԿ-ի երկու բլոկների կառուցման պարտավորագիր ստորագրել, մնացած վեց էներգաբլոկները կարող են կառուցվել Իրանի նոր հարթակներում:

 

2013 թվականի սեպտեմբերի 23-ին Ռուսաստանը իրանական կողմին է հանձնել «Բուշեր» ատոմակայանի հազար մեգավատ հզորությամբ առաջին էներգաբլոկը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: