Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավական անհեթեթություն է որակում իր պաշտոնանկության մասին լուրերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե իշխանությունները դժգոհ են իր գործունեությունից և պատրաստվում են 2018թ. իրեն պաշտոնանկ անել:
«Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Սահմանադրությամբ նախատեսված է, և, բնականաբար, նման բան խոսելն ավելորդ է, ես չեմ ցանկանում մեկնաբանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թաթոյանը:
Դիտարկմանը, թե ՀՀ-ում մարդու իրավունքների ոչ մի պաշտպան մինչև իր լիազորությունների ավարտը չի պաշտոնավարել և բոլորը պաշտոնավարման ժամկետի լրանալուց առաջ հրաժարական են տվել, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է անկախության և թափանցիկության ամենաբարձր աստիճանով: Գնահատականները ըստ ոլորտների և ռեսուրսների ուժեղացված են: Հիմա, օրինակ, արտահերթ զեկույց ենք հրապարակելու, որը բավականին խիստ է, որովհետև խնդիրներ ենք հայտնաբերել՝ սկսած զսպման կամ հարկադրանքի միջոցների սահմանված չափանիշներին անհամապատասխանությունից, քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցումից: Չեմ ցանկանում այս պահին շատ ծավալվել: Կարծում եմ, որ մեկ ամսից կունենանք այդ զեկույցը, հիմա ընթանում են ամփոփման աշխատանքները: Մինչև տարվա վերջ ևս 2-3 արտահերթ զեկույց կունենանք»: