Օրվա մամուլն անդրադարձել է 4 մարզպետի հնարավոր պաշտոնանկությանը: Henaran.am-ը փորձեց նրանցից ճշտել' արդյոք տեղյակ են, որ շուտով համալրելու են գործազուրկների բանակը: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ եւ իրեն չեն ասել այդ մասին: "Զանգել ես ինձ, որ ինչ ասեմ: Ով գրել է, նրան հարցրու",-ասաց Բարսեղյանը:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն էլ խորհուրդ տվեց "էդ գրածներին չհավատալ": "Երեկ չտեսա՞ր տրամադրությունս, բա դա աշխատանքից ազատվելու նշա՞ն էր",-ասաց: Երեկ Կոտայքի մարզպետը մասնակցում էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը, եւ բավականին բարձր տրամադրություն ուներ :
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Մեր տեղեկություններով, երբ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները փորձել են Սուրիկ Խաչատրյանից պարզել հավանական պաշտոնանկությունը, Խաչատրյանը ասել է. "հլա որ դիրքերս թույլ չեն":