Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2017թ.-ի հունվար-սեպտեմբերին մոտ 10 %-ով կրճատվել է։ Այս մասին հաղորդել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունում։ ԱՎԾ տվյալներով՝ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալը տարվա առաջին ինը ամիսներին կազմել է 601 231 միլիարդ դրամ։ Այս գումարից 582 միլիարդը գյուղատնտեսության ծավալն է եղել, 18 միլիարդը՝ ձկնորսությանը։ Գյուղատնտեսության ծավալը 10%-ով է նվազել, սրան հակառակ՝ 0,7 %-ով աճել է ձկնորսության ցուցանիշը։ Գյուղատնտեսության ծավալի հիմնական ցուցանիշն էլ բուսաբուծությունն է ապահովել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ 17%-ով կրճատվել է։ Այս տարվա ինը ամիսներից վեցում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ, նվազել է։ Արտադրանքի ծավալի անկումը զգալի է եղել ամռան ամիսներին, երբ ցուցանիշը կրճատվել է անգամ 25 %-ով։ Տարվա առաջին ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աստիճանաբար ավելացել է, չնայած՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ՝ այն մեծամասամբ անկում է ապրել։ Սեպտեմբերից արդեն գյուղատնտեսական արտադրանքի ծավալի կրճատում է նկատվել:
Հայաստանի տնտեսության վիճակագրական պատկերում անկումային միտումների հիմնական պատճառը գյուղատնտեսությունն է։ Երրորդ եռամսյակում գյուղատնտեսության (այդ թվում՝ անտառային տնտեսություն և ձկնորսություն) ՀՆԱ-ն 6%-ով նվազել է։ Այս անկումը մեծ ազդեցություն է ունեցել ընդհանուր ՀՆԱ-ի անկման վրա, քանի որ գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում մեծ է՝ մեկ քառորդը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը ևս փաստում է, որ գյուղատնտեսությունը «փչացրել» է վիճակագրական պատկերը։ Կամ, որ քիչ հավանական չէ, այն իրականում նախորդ տարի էլ այդպես է եղել, ու պարզապես գյուղատնտեսության ոլորտում ոչ իրական աճ է «գրանցվել»։ Ի վերջո, սա անվերահսկելի ոլորտ է վիճակագրության առումով, քանի որ դժվար է ստուգել՝ որքանո՞վ են վիճակագրական տվյալները համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանում գրանցված 3% տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն է ունեցել գյուղոլորտում ներկայացված աճը։
Ի դեպ, գյուղատնտեսության աճի համար մի քանի ամիս առաջ կառավարությունն Ազգային ժողով ներկայացրեց Սևանա լճից 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին առաջարկ: Առաջարկն ընդունվեց, ջուրը բաց թողնվեց, բայց գյուղատնտեսությունը չշահեց և սարսափելի անկում գրանցեց: Բնապահպաններն ուսումնասիրել էին, որ ջուրը գյուղացուն չի հասել, փոխարենը՝ Ռուսաստանին պատկանող Սևան-Հրազդան կասկադին լրացուցիչ էլեկտրաէներգիա արտադրելու և շահույթ ստանալու հնարավորություն տվեց:
Ստելլա Խաչատրյան