Թուրքիայում անցյալ դեկտեմբերի կեսերին սկսված կոռուպցիոն սկանդալից հետո վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությունն ու նրա գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկանիշն աննախադեպ անկում են ապրել:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» թերթը, տվյալների հավաքական հետազոտությունների «Ջիհան» ծառայության կողմից անցկացված վերջին հարցումների արդյունքներով' մարտի վերջին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմին ԱԶԿ-ի վարկանիշն իջել է 2002 թ-ի նոյեմբերի 3-ի մակարդակին:

 

Այդ հարցումների համաձայն' առաջիկա ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 36,4 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը' 28,8 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությանը' 20,5 տոկոսը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը' 7,4 տոկոսը:

 

«Ջիհան»-ի հետազոտությունները ցույց են տվել, որ թուրքական կառավարության վարած քաղաքականությունը եւ քաղաքական նախապատվությունները լուրջ ճեղքվածքներ են տվել: Ընտրողների 60 տոկոսից ավելին, դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալի հետ կապված, ի հակառակ Էրդողանի կողմից դրանք «հեղաշրջում» որակվելու, նշել են, որ «դեկտեմբերի 17-ը կաշառակերության եւ ապօրինությունների դեմ գործողություն էր»: Հարցվածների 81 տոկոսը համոզմունք է հայտնել, որ այդ գործողության շրջանակներում նախարարների որդիների ձերբակալությունները տեղի են եղել:

 

Իսկ այն հարցին, թե ում կցանկանային տեսնել երկրի հաջորդ նախագահ, հարցվածների 47 տոկոսը նշել են գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի, իսկ 17,5 տոկոսը' վարչապետ Էրդողանի անունը:

 

Դեկտեմբերի 17-ի Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա անկացրած գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մի քանի նախարարների որդիների, գործարարների, 50-ից ավելի անձանց, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ:

 

Էրդողանը փոխել է կառավարության 10 նախարարներին եւ գործարարների ու չինովնիկների ձերբակալությունները նախաձեռնած ոստիկանության 350-ից ավելի բարձրաստիճան ա շխատակիցների: Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են կառավարության ամբողջ կազմի հրաժարականը: