Երեկ գիշերվանից համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը կենտրոնացած է մնում Թուրքիայում շատերի համար անակնկալ կերպով թափ ստացած բավական վտանգավոր զարգացումների վրա, երբ այս երկրի զինվորականության կողմից փորձ կատարվեց ռազմական հեղաշրջում իրականացնել մի երկրում, որը ներկայումս կանգնած է բավական մեծ մարտահրավերների առաջ:


Չնայած, դեռևս վաղ է հիմնավոր վերլուծության ենթարկել Թուրքիայում տեղի ունեցածն ու փորձել օբյեկտիվ գնահատականներ տալ Էրդողանի հետ կատարվածին, ակնհայտ է, սակայն, որ մեր արևմտյան հարևանը այլևս երբեք նույնը չի լինելու: Իհարկե, ասել, թե սույն ռազմական հեղաշրջման փորձը բացառիկ երևույթ է Թուրքիայի համար, կնշանակեր տեղյակ չլինել այս երկրի' 20-րդ դարի պատմությանը. ռազմական հեղաշրջումները, կարելի է ասել, արդեն սովորական են դարձել այս պետության համար, ուստի' առավել հետաքրքրաշարժ է ոչ այնքան ռազմական հեղաշրջումը որպես երևույթ, որքան դրա դրդապատճառների վերլուծությունը: Իսկ դրդապատճառներ ինչպես բուն թուրքական բանակն, այնպես էլ այդ երկրի հասարակությունն ունեին. դեպի բացարձակ միապետություն սահող Թուրքիա, տնտեսական ոչ այնքան փայլուն իրավիճակ, հասարակության տոտալ իսլամիզացման փորձեր իշխանությունների կողմից, ներքին անկայունություն և այլն: Իսկ այն հարցի պատասխանը, թե կարո՞ղ է, արդյոք, այս ամենում արտաքին հետք լինել, միանշանակորեն դրական է. արտաքին գործոններն այս ամենում գերակշռող են ներքին դրդապատճառներին:


Այն, որ Էրդողանն իր քաղաքական կարիերայի սկզբից ևեթ ծառայել է արտաքին, մասնավորապես, արևմտյան ուժերին, որևէ մեկի մոտ, կարծում ենք, կասկած չի հարուցում`չնայած նրա կողմից քարոզվող հակադեմոկրատական գաղափարներին. այս մարդն իր քաղաքական կարիերայի ծագման առաջին իսկ օրվանից գտնվում է Արմուտքի վերահսկողության տակ, որն էլ գոնե մինչև վերջերս, բավական մեծ հաջողությամբ կարողանում էր գլուխ հանել այս հակասական գործչից: Սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին մի քանի ամիսների իրադարձությունները, Արևմուտքի ինքնավստահությունը' կապված Թուրքիայի նախագահին սեփական վերահսկողության տակ պահելու հետ, այնքան էլ 100%-անոց դուրս չեկան, ու էրդողանը, կարծես փորձելով ինչ-որ կերպ ազատվել արևմտյան կապանքներից, սկսեց փորձեր անել' հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարելու, ինչի համար նախ' պատժվեց Բեռլինի կողմից Ցեղասպանության ճանաչման տեսքով, ապա' Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրենքի ընդունմամբ, հետո էլ, երբ տեսան այս ամենը չի ազդում իրեն միջնադարյան սուլթանի տեղ դրած Էրդողանի վրա, ու վերջինս Արևմուտքի «ջգրու» սկսում է նույնիսկ «քիրվայության» մի նոր փուլ սկզբնավորել ռուսների հետ' ապագայում Եվրասիական տնտեսական միություն մտնելու հեռանկարը մտքին (Ժիրինովսկու'ռուս-թուրքական հարաբերությունների մասին' միայն դիվահարին հարիր բանավոր ուղերձը' դրա վառ ապացույց), հասկացան, որ հարկավոր է մի վերջին անգամ խիստ ձևակերպված ուղերձ հղել Անկարային`խելքի գալու ու հասկանալու` սկզբից մինչև վերջ Արևմուտքի պրոյեկտն է տարածաշրջանում ու առանց իր տերերի դատապարտված է լինելու մասնատման. հեղաշրջումը Թուրքիայում ձախողվեց լոկ մի բանի պատճառով. նպատակն Էրդողանի աչքը վախեցնելն էր, այլ ոչ թե` ռազմական հեղաշրջման միջոցով նրան գահընկեց անելը, քանի որ էրդողանը դեռևս ծառայություններ ունի` մատուցելու Արևմուտքին:


Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել Հայաստանի համար: Հայաստանի համար, որքան էլ կարող է զարմանալի հնչել, այս ամենը, կախված Թուրքիայում դեպքերի հետագա զարգացումից, կարող է ունենալ և՛ լավ, և՛ վատ հետևանքներ. մի կողմից` մեզ համար կարևոր է տեսնել Թուրքիան` կայուն, կանխատեսելի երկիր` մեր իսկ անվտանգության ապահովման առումով, մյուս կողմից, եկե՛ք անկեղծ լինենք, մեզ չի կարող գոհացնել այս երկրի անշեղ զարգացումն ու հզորացումը, որը նշանակում է նաև Ալիևի հզորացում`դրանից բխող ամենաանցանկալի հետևանքներով հանդերձ:

 

Հայստանին մեկ բան է իրականում անհրաժեշտ`կառավարելի քաոս`Թուրքիայում, այսինքն այն, ինչին ձգտում է Արևմուտքը…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ