«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի գնի բարձրացման վերաբերյալ: Ընկերությունն առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը հաջորդ տարվա համար ավելացնել 14.3 դրամով:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հայտը որևէ տրամաբանական հիմնավորում չունի. «Ենթադրում եմ, որ սակագնի բարձրացումը ընկերությունը պայմանավորում է ջրմատակարարման համակարգում որակի բարձրացմամբ, ավելի անխափան ջրամատակարարում ունենալու պայմանով, որը, սակայն, բացասաբար կազդի բնակչության կենսամակարդակի վրա: Ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում ընկերության այդ քայլը տրամաբանական չեմ համարում»,- ասաց նա:
Նշենք, որ ՀԾԿՀ-ն գրեթե միշտ բավարարել է բնական մենաշնորհ ունեցող (գազ, էլեկտրաէներգիա, ջուր վաճառող) ընկերությունների հայտերը, և եթե այս անգամ էլ բավարարի «Վեոլիա ջուր» ընկերության հայտը, ապա բնակիչները 1 խմ-ի դիմաց պետք է վճարեն 194,3 դրամ՝ ներկայիս 180-ի փոխարեն:
Տնտեսագետի խոսքով՝ կլինի աննախադեպ թանկացում, մինչ այս նման սակագին չենք ունեցել, Երևանի պարագայում սա խմելու ջրի ամենաբարձր սակագինը կլինի 1991 թվականից հետո:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կառավարութայն հերթական նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 20-օրյա ժամկետում վերանայել խմելու ջրի սակագինը և այն չբարձրացնելու ուղիներ գտնել:
Անդրադառնալով վարչապետի այս հանձնարարականին՝ տնտեսագետը նշեց. «Ես կարծում եմ, որ կառավարությունը, ելնելով այն մտայնությունից, որ առանց այն էլ սոցիալական ծանր պայմաններում գտնվող բնակչության վրա լրացուցիչ բեռ է ավելանում, նման հանձնարական է տվել»,- նշեց Խաչատրյանը:
Նշենք, որ Հայաստանի ողջ ջրային համակարգը մինչև 2032 թվականը վարձակալությամբ տնօրինելու իրավունք ստացած ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության՝ ջրի գնի բարձրացման հայտն առաջինը չէ: Ընկերությունը կես տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է առաջարկում մայրաքաղաքում բարձրացնել խմելու ջրի սակագինը: Անցած տարվա դեկտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց հունվարի 1-ից ջուրը թանկացնել 10 դրամով՝ բնակչությունը ստիպված եղավ 1 խորանարդ մետրի դիմաց վճարել 180 դրամ՝ նախկին 170-ի փոխարեն:
Սոնա Հարությունյան