Պարզվում է`  Բնապահպանության նախարարությունն առաջիկայում մտադիր է արգելել Հայաստանի 22 գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը, իսկ որպես այս մտայնության հիմնավորում բերվում է այն իրողությունը, որ դրանց կառուցման ու շահագործման արդյունքում առաջ են եկել էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական բնույթի լրջագույն խնդիրներ. նախարարությունն արդեն հասցրել է շրջանառության մեջ դնել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը հաստատելու մասին» հնչեղ անունը կրող արձանագրային որոշման նախագիծը:

Իհարկե, այս ամենն ուղղակի իդեալական կհամարվեր, իսկ մայր բնության ու հասարակության մասին հոգ տանելու վերաբերյալ Կառավարության մտայնությունն էլ` ընկալելի կդառնար, եթե չլիներ մի շատ հետաքրքրական հանգամանք. առաջիկայում ընդունվելիք օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, ինչն, ըստ էության, նշանակում, որ եթե ինչ-որ մեկի բախտն ինչ-որ կերպ բերել է, ու նա յուր ՀԷԿ-ն այս օրենքի ընդունումից առաջ է կառուցել, ապա ոչ մի սահմանափակման տակ ինքն ու իր ՀԷԿ-ը չեն հայտնվելու` նույնիսկ եթե տվյալ օբյեկտի գործունեությունը վնաս է հասցնում թե՛ շրջակա միջավայրին, թե՛ հասարակությանը: Իսկ այն, որ նման ՀԷԿ-երի պակաս մենք չունենք, հանրահայտ իրողություն է:

Հետևաբար` կարծել, թե նոր սահմանափակման նպատակն է լինելու միայն ու բացառապես այն, ինչի մասին բարձրաձայնում են համապատասխանները, աններելի միամտություն կլիներ:

Ստեղծվում է միանգամայն անսխալ տպավորություն, որ բնության մասին հոգ տանելու ոմանց նորաթուխ ցանկությունը պայմանավորված է ընդամենը մեկ բանով. փորձում են ընտրյալների շրջանը փակել` այդ ընտրյալների համար աշխատանքային արտոնյալ պայմաններ ապահովելու համար. մենաշնորհն ամրապնդելու խնդիր է դրված և վերջ, իսկ, թե դրան հասնելու ճանապարհին ի՞նչ սրտաճմլիկ պատճառաբանություններ կբերեն, դա արդեն զուտ ճաշակի հարց է…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ