Միացյալ Թագավորության մեկնել պատրաստվող Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, որ վիզաների համար նախատեսվող փաստաթղթերի ընդունման համար 2014թ. ապրիլից կգործի նոր կարգ: ՄԹ վիզաների դիմումների ընդունումն այսուհետ կկատարվի շաբաթական երկու օր, իսկ վիզաների համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ոչ թե բրիտանական դեսպանատուն, այլ Վիզայի դիմումների նոր կենտրոն, որը ղեկավարելու է մասնավոր ընկերություն:
«Փաստ աթղթերի ընդունման նոր ձևաչափը, որ ծրագրում ենք ներդնել Հայաստանում, հիմնված է նույն քանակի վիզայի դիմումներ ունեցող այլ երկրներում գործող ձևաչափի վրա: Աշխարհի տարբեր երկրներում վիզաների ընդունման կարգը Միացյալ Թագավորության կառավարության որոշմամբ հիմնվում է այդ երկրներից տարեկան ստացվող դիմումների քանակի վրա: Եվ քանի որ Հայաստանում ՄԹ վիզաների տարեկան դիմումները չեն գերազանցում 5000-ը, ապա մենք պետք է անցում կատարենք նոր համակարգի, որը պահանջում է հավելյալ 59 ֆունտ ստերլինգ վճարել ծառայությունների համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց ՄԹ' Թուրքիայի, Հյուսիսային Կիպրոսի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով օպերացիոն կառավարիչ Քրիս Ուեյթը' նշելով, որ վիզաների դիմումների ընդունման օրերի հաճախականությունը նույնպես պայմանավորված է դրանց քանակով: Դիմումների ավելացման պարագայում կարող են ավելանալ նաև ընդունման օրերը: Աշխատանքային ժամերը դեռ հստակեցման փուլում են:
Վիզայի վճարի և պահանջվող փաստաթղթերի փոփոխություններ տեղի չեն ունենա, պարզապես դրանց գնահատումը և որոշման կայացումը տեղափոխվելու է Շեֆիլդ' Միացյալ Թագավորության Վիզաների և իմիգրացիայի վարչություն: Մասնավոր ընկերությունը պատասխանատու է լինելու հաճախորդենրի սպասարկման և փաստաթղթերի ընդունման միայն տեխնիկական մասի համար: Իսկ հավելյալ 59 ֆունտ ստերլինգը գանձվում է մասնավոր ընկերության մատուցած ծառայությունների համար:
Ինչպես նախկինում' Հայաստանում ՄԹ վիզա ստանալու համար կրկին պետք կլինի հայտ լրացնել առցանց տարբերակով և առցանց վճարում կատարել ԱՄՆ դոլարով: Սակայն արդեն ապրիլից սկսած իրենց բիոմետրիկ տվյալները ներկայացնելու համար ՀՀ քաղաքացիները պետք է ներկայանան Վիզայի հայտերի ընդունման նոր կենտրոն: Կենտրոնի գտնվելու վայրը դեռ որոշված չէ. ամենայն հավանականությամբ, այն կգտնվի Երևանի «սրտում»: Պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Միացյալ Թագավորություն մուտքի գործընթացի բարդացումը և արդյոք հնարավոր է, որ մոտ ապագայում դյուրացվի վիզայի ստացումը' Միացյալ Թագավորության Վիզաների և իմիգրացիայի վարչության օպերացիոն կառավարիչ Ջոնաթան Վերնեյը նշեց, որ այդ մասով փոփոխություններ իրենք չեն նախատեսում:
«ՄԹ ունի երկու փոխկապացված գերակայություններ, որոնցից առաջինն է' ապահովել, որ միայն ամենախելացիները և ամենալավերը այցելեն Անգլիա ուսանելու, աշխատելու և գործունեություն ծավալելու համար, դրա համար ապահովելով թափանցիկ, հստակ և արդար ընթացակարգ: Եվ երկրորդ' պահպանել մեր ազգային սահմանները: Մենք Շենգենյան գոտու մեջ չենք մտնում և մեր ուրույն համակարգն ունենք, որը հաստատված է բոլոր երկրներում: Ուստի մեր խնդիրն է համոզվել, որ կարգը չարաշահողները դուրս կմնան մինչև Մեծ Բրիտանիա ժամանելը»,-ասաց նա:
Նոր ձևաչափը կկիրառվի Հյուսիսային Կիպրոսից Տաջիկստան ընկած տարածքներում' ընդգրկելով Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները: Այն կտարածվի նաև այն hամագործակցության երկրների և Բրիտանիային պատկանող արտերկրյա տարածքների մուտքի վիզաների վրա, որոնց վարումը նախկինում իրականցնում էր բրիտանական դեսպանատունը: