Թեհրանն ու Թբիլիսին պետք է բարելավեն հարաբերութւունները բոլոր ոլորտներում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը, երեկ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

 

«Իրանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական եւ մշակութային համագործակցությունը պետք է ամրապնդվի երկու ժողովուրդների շահերին համապատասխան», -ընդգծել է Ռուհանին:

 

Իրանի նախագահը հավելել է, որ Թեհրանն ու Թբիլիսին մեծ ներուժ ունեն տնտեսական համագործակցությունը լավացնելու համար եւ նշել, որ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը կօգնի բարելավել հարաբերությունները:

 

Իր հերթին Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նոր գլուխ բացել երկկողմանի հարաբերություններում:

 

Վրաստանի վարչապետը նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակում կայցելի Թեհրան, ինչպես նաեւ Իրանի նախագահին հրավիրել է այցելել Թբիլիսի: