Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են Ապարան, Արտաշատ, Կապան, Քաջարան, Ալավերդի, Ստեփանավան համայնքներում: Ինչպես տեղեկացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նախնական արդյունքներով՝ Ապարանում ընտրողների ցուցակում ընդգրկված 18 105 ընտրողներից 10 868-ը կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանի թեկնածությանը: Դեմ քվեարկածների թիվը եղել է 278:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում 4 571 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Բենիամինյանը: 134 մարդ դեմ է քվեարկել Կարեն Բենիամինյանի թեկնածությանը, 77 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Սյունիքի մարզի Կապան համայնքում 12 538 քվեով ընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Աշոտ Հայրապետյանը: 5073 ընտրող դեմ է քվեարկել նրա թեկնածությանը:
Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 4 232 ձայնով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված հանրապետական Մանվել Փարամազյանը: Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 96 ընտրող:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 6 914 ձայներով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական, Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանը:
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում 5 028 քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Միքայել Ղարաքեշիշյանը: Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 112 ընտրող: