Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը։ Հայաստանում հիմա գործում է «Հանրաքվեի մասին» օրենք, որն ընդունվել է 2001թ.-ին, սակայն նոր ներկայացված նախագիծը էականորեն տարբերվում է գործողից. այն իսկապես նոր օրենք է, որովհետև, ըստ էության, հետապնդում է բոլորովին նոր և խիստ վտանգավոր նպատակներ։ Օրենքի նախագծով սահմանվում է հարցերի շրջանակը, որոնք կարող են դրվել հանրաքվեի։ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ հանրաքվեի միջոցով կարող են լուծվել ՀՀ տարածքի փոփոխության հետ կապված հարցերը: Հնարավոր է, որ օրենքի նախագծի հեղինակները նկատի ունեն Հայաստանի տարածքի ընդլայնումը: Սակայն դա քիչ հավանական է, քանի որ այս պահին օրակարգային է՝ պահել եղածը:
Ավելի հավանական է այն տարբերակը, որ կառավարությանը նման քայլի է գնում Արցախի հարցում իրեն ապահովագրելու համար: Տարածքների զիջման գաղափարն առկա է եղել 1994թ.-ից ի վեր սեղանին դրված կարգավորման՝ առանց բացառության՝ բոլոր տարբերակներում ու սխեմաներում, և հնարավորինս ամբողջական ձևակերպում է ստացել 2007թ․-ից ի վեր բանակցվող, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներում: Կհարցնեք՝ իսկ ի՞նչ կապ ունի ՀՀ օրենսդրական դաշտը Արցախի տարածքի հետ: Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում դեռեւս դրված է Մեղրիի խնդիրը: Տարածքային փոխանակումների միջոցով ղարաբաղյան խնդրի լուծման մտահղացումն առաջինը հայտնել է ակադեմիկոս Ա. Սախարովը՝ դեռ 1989 թվականին: Մեծ քաղաքականության մեջ այդ նախագիծը շրջանառության մեջ է դրել ամերիկացի վերլուծաբան, քաղաքագետ Պոլ Գոբլը, որն ամերիկյան վերլուծական հանրույթում հայտնի է որպես կոնֆլիկտային գոտիներում սահմանների փոփոխության կողմնակից (բացի Ղարաբաղից, նա ժամանակին նմանատիպ նախագծեր է առաջարկել նաեւ Չեչնիայի, Աբխազիայի եւ այլ թեժ կետերի համար): Իրականում՝ գոյություն է ունեցել Գոբլի՝ ԼՂՀ խնդրին վերաբերող երկու նախագիծ: Առաջինն ի հայտ է եկել 1992 թվականի հունվարին եւ հրապարակվել է նույն տարվա հուլիսին: Ըստ Գոբլի, ԼՂՀ խնդիրը կարելի էր հանգուցալուծել՝ փոխանակելով Հայաստանի Հանրապետության Մեղրիի շրջանը ԼՂՀ տարածքի եւ Լաչինի միջանցքի հետ, վերացնելով հայ-իրանական սահմանը: Այս տարբերակի լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքների մասին շատ է խոսվել: Ավելացնենք միայն, որ Գոբլի առաջին նախագիծը հավանության էր արժանացել Ջորջ Բուշ-ավագի վարչակազմի կողմից: 1996 թվականին ի հայտ եկավ Պոլ Գոբլի երկրորդ նախագիծը, որի սկզբունքային տարբերությունը առաջինից՝ կայանում էր հայ-իրանական սահմանի պահպանման մեջ՝ ի հաշիվ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող, Թուրքիային եւ Իրանին սահմանակից Սադարակի փոխանցմանը Հայաստանին: Ինչպես խոստովանել էր հեղինակը, իր առաջին նախագծում նա հաշվի չէր առել Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահման ունենալու կարեւորությունը եւ Գոբլը փորձել է շտկել այս վրիպումը:
Որևէ պաշտոնյա մինչ օրս չի հայտարարել, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Գոբլի ծրագիրն այլևս օրակարգային չէ, կամ չի դիտարկվում իբրև կոնֆլիկտի լուծման տարբերակ: Ըստ այդմ՝ տարածքային փոխանակման հարցը կարող է կրկին արդիական դառնալ: Այս դեպքում՝ հասկանալի է դառնում կառավարության շտապողականությունը՝ օրենքի նախագծի մեջ փոփոխություններ կատարելու հարցում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ տարածքային զիջումների թեման, որի մասին այդքան խոսվում է ժնևյան հանդիպումից հետո այդքան էլ մտացածին չէ: Անգամ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, ենթադրում է պատասխանատվության տրանսֆորմացիա՝ նախագահից կոլեգիալ մարմնի: Այլ կերպ ասած, նման կարևոր և անհաշվարկելի հետևանքներով որոշման ընդունումը մնալու է խորհրդարանի վզին: Բայց իշխանությունները կրկնակի ապահովագրում են իրենց՝ փոփոխության ենթարկելով Հանրաքվեի մասին օրենքը: Այժմ, եթե անգամ բանակցությունների արդյունքում հայկական կողմը համաձայնի տարածքային զիջումների գնալ, նման որոշումը դրվելու է հանրաքվեի: Բնական է՝ երկրի ոչ մի քաղաքացի չի համաձայնի զիջել իր երկրի տարածքի թեկուզ ամենաչնչին մասը: Բայց այլ բան են ընդհանրական դատողությունները, այլ բան՝ հանրաքվեն: Հանրաքվեի արդյունքում կարող է պարզվել, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը կողմ է տարածքային զիջումներին, և այդ դեպքում զիջման պատասխանատվությունը ընկնում է ոչ թե կառավարության, նրա առանձին անդամների, այլ անդեմ հասարակության վրա, որովհետև հնարավոր չէ պարզել, թե հանրաքվեի ժամանակ ով ինչպես է քվեարկել: Այսինքն՝ հմուտ կերպով ոչնչացվում է անհատական պատասխանատվության ինստիտուտը՜՝ տարածքային ամբողջականության խաթարման հարցում մեղավորությունը գցելով ժողովրդի վրա՝ իբր հանրաքվեի կեղծ-ժողովրդավարական ինստիտուտի ներդրմամբ։ Սակայն, մի՞թե գաղտնիք է, որ Հայաստանում ո՛չ համապետական ընտրություններն են անցնում ազնիվ, ո՛չ էլ հանրաքվեները՝ արդար...
Ստելլա Խաչատրյան