37 իշխանական պատգամավորների՝ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը, նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:

Իշխող թիմն այս նախագծով առաջարկում է մինչ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնել: Նշենք, որ այդ ցանկի մեջ չեն մտնում միայն ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը:

Օրենքի այս նախագիծը քննարկելու համար հրավիրված Աժ նիստը բուռն քննարկմամբ է ընթանում. ընդդիմությունը նախագծում հակասահմանադրականություն է տեսնում:
Այնուամենայնիվ, նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը Աժ ամբիոնից հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։

Նա նշեց, որ այս քայլն ուղիղ ժողովրդավարության կիրառում է:

Նշենք, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների, առնվազն, երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

Հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: