Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը սահմանեց Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն հնարավորություն կտա լուծելու քրեական վարույթի մինչդատական և դատական քննության, ինչպես նաև պատժի կատարման փուլերում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը:
«Որոշ երկրներում էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման հետ կապված ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը, մյուսներում՝ սարքը կրող կասկածյալը, մեղադրյալը կամ դատապարտյալը վճարում է ծառայության համար (մասամբ կամ ամբողջությամբ): Որոշմամբ նախատեսվում է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունները կարող են իրականացվել թե՛ պետբյուջեի, թե՛ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին: Այդ հարցը քննարկելու և որոշելու է դատարանը՝ հաշվի առնելով տվյալ անձի գույքային դրությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: