Երեկ՝ նոյեմբերի 12-ին, 5-ամյա երեխա է մահացել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
Նրա խոսքով՝ երեխան ունեցել է առողջական բնածին խնդիրներ և Վեդիի հիվանդանոցից իրենց մոտ է տեղափոխվել ծանյրահեղ ծանր վիճակում:
«Երեք օր տանը հիվանդ է եղել, 40 աստիճան ջերմություն է ունեցել, որից հետո ջրազրկված վիճակում ընդունվել է Վեդիի հիվանդանոց: Երբ այնտեղից ցանկացել են տեղափոխել մեզ մոտ, ճանապարհին արդեն իսկ սրտի կանգ է գրանցվել, հետ են վերադարձել Վեդիի հիվանդանոց, այնտեղ երեխան ինկուբացվել է, որից հետո Երևանից ռեանիմատոլոգների բրիգադը գնացել, բերել է երեխային մեզ մոտ»,- ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն վերակենդանացման բաժանմունքի վարիչը:
Չոբանյանը նշեց, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում. «Մեզ մոտ մի քանի օր առաջ էր տեղափոխվել, սակայն ամբողջ ընթացքում եղել է 3-րդ աստիճանի կոմայի մեջ, նրա մոտ ռեակցիա չկար, արհեստական շնչառություն էր ստանում: Երեխայի մոտ կար ուղեղի խիստ արտահայտված այտույց, ինչպես նաև ներանոթային մակարդման համախտանիշ»,- նշեց նա:
Սոնա Հարությունյան