Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի խորքային շերտերում շարունակվում են ուշագրավ զարգացումներ արձանագրվել:  Նոյեմբերի 9-ին՝ Մոլդովայի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո, Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասելով, որ հայ-մոլդովական բանակցությունների ընթացքում «ընդգծվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Սրանք, անշուշտ, ոչ այնքան նկատելի, բայց իրականում՝ շատ էական ու կարևոր նրբերանգներ են, որոնց գնահատումն ու վերլուծությունը կօգնի ավելի լավ հասկանալու ներկայիս իրադրությունը Ղարաբաղի շուրջ:

Ինչո՞ւ Սարգսյանը վերադարձավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտան, վերադառնալով Վաշինգտոնից, հայտարարել է, որ բանակցային ձևաչափը չի փոխվելու: Մինսկի խումբը շարունակում է աշխատել, Մինսկի խումբն ունի ինչ-որ առաջարկներ հակամարտող կողմերին: Այդ առաջարկություններում հստակեցվում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման պայմանները, հետևաբար, հաջողությամբ չպսակվեցին Սարգսյանի և Ալիևի՝ այս ձևաչափից դուրս գալու փորձերը: Ահա ամենը, ինչ կարելի է ասել այս հարցի մասին: Ամեն ինչ վերադառնում է ստատուս քվոյի վիճակին: Ըստ երևույթին, Մինսկի խմբում կա որոշակի փոխհամաձայնություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև, որ առաջինը՝ ստատուս քվո, երկրորդը՝ մշտադիտարկման մեխանիզմներ շփման գծի երկայնքով, երրորդը՝ Կասպրշիկի, այսինքն՝ միջազգային դիտորդների լիազորությունների ընդլայնում: Դրանից հետո Ադրբեջանը պարզապես ստիպված կլինի ստորագրել խաղաղ համաձայնագիր: Այս Ֆոնին տեղի ունեցավ ևս մեկ ուշագրավ իրադարձություն: ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում Ռուսաստանը նույնպես հանդես եկավ Վիեննայի օրակարգի օգտին: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը: Նորից նշում ենք, որ այդ նպատակին կծառայի նաև 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Շփման գծում և ադրբեջանա-հայկական սահմանում կայունության շահերից է բխում նաև հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմների ստեղծումը»:

Ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Երևանը բանակցությունների վերսկսման նախապայման էր դրել հենց Վիեննայի օրակարգի առաջնայնության ամրագրումը համանախագահ երկրների կողմից: Մյուս կողմից էլ՝ չի կարելի բացառել, որ հայանպաստ դիրքորոշում հայտնելով, Մոսկվան փորձում է հայկական կողմին կրկին նստեցնել բանակցային սեղանի շուրջ՝ դրանով իսկ պահպանելով իր համար այդքան կարևոր ստատուս-քվոն: Թե ինչ արձանգանք կտա փոփոխված իրականությանը Ալիևը, մեծամասամբ պայմանավորված է լինելու Պուտին-Էրդողան՝ այսօր նախատեսված հանդիպման արդյունքներով:

 

Ստելլա Խաչատրյան