«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Անորոշ իրավիճակ է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի վրաերթի գործով: 2017թ. հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս՝ նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է: Անցել է 5 ամիս, սակայն, ինչպես նկատում ենք, իրավապահ համակարգը դեռեւս սպասում է հայտնի փորձաքննությունների արդյունքներին:

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի որդու պաշտպան Հայկ Սարգսյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գործը, ինչին ի պատասխան՝ պաշտպանը հայտնեց. «Այս պահի դրությամբ նոր բան չկա, մեկ հատ եզրակացություն եկավ, նորից է նշանակվել, անորոշ վիճակ է, դեռեւս վերջնական որոշում չկա»»։

Առավել մանրամասն «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: