ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել է դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք: Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն ՊՆ շուրջ երկրորդ խոշոր բացահայտումն է: Օրերս էլ Դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՊՆ Զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտներ կատարելու առթիվ: Դրանից առաջ էլ Քննչական կոմիտեն հետաքննություն էր սկսել՝ կապված ՊՆ-ում գնումների գործընթացի հետ:
Եթե չլիներ Ապրիլյան պատերազմը, դժվար է ասել, արդյո՞ք իշխանությունները կսթափվեին ու ձեռնամուխ կլինեին բացահայտումների՝ փորձելով պատժել այդ չարաշահումների անմիջական մասնակիցներին, թե՞ իրավիճակն, այնուամենայնիվ, կընթանար իր սահուն ընթացքով։ Ակնհայտ է, որ ՊՆ-ում բազմաթիվ չլուծված համակարգային խնդիրներ են կուտակվել, սակայն մինչ օրս ռազմական գերատեսչության ղեկավարությունն ադեկվատ լուծումներ չի առաջարկել, գուցե հենց դա է պատճառը, որ ՊՆ ներսում կատարվող իրադարձությունները դուրս են եկել գերատեսչության վերահսկողությունից՝ հատնվելով քննչական մարմինների ուշադրության կենտրոնում:
Ինչպես երեւում է՝ քառօրյա պատերազմն արագացրեց բանակի հաշվին հարստացողների դեմ սկսված արշավը: Նախ՝ ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանն աշխատանքից հեռացրեց երեք գեներալների` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ԶՈւ կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին: Բայց նրանցով չսահմանափակվեց ՊՆ աղմկոտ պաշտոնանկությունների եւ ձերբակալությունների շարքը: «Խոշոր ձկներին» հեռացրին աշխատանքից, սակայն քրեական պատասխանատվության չենթարկեցին, իսկ «քավության նոխազ» դարձան «մանր եւ միջին ձկները»` հայտնվելով ճաղերի հետեւում: Կարծես թե նույն պատկերին էլ այսօր ենք ականատես լինում: Իհարկե, Պնախարար Վիգեն Սարգսյանը կարող է կուլիսներում սուր ճոճել, թե պայքարում է ՊՆ կոռուպցիոն դրսեւորումների դեմ, այնուամենայնիվ, բոլորի համար էլ հասկանալի է, որ թույլատրվում է «պայքարել» խիստ որոշակի միջավայրում, որն ավարտվում է միայն «մանր ու միջին» տրամաչափի պաշտոնյաների տիրույթում: Ու շատ հաճախ ազատազրկվում են մարդիկ, ովքեր միանձնյա չեն գործել կոռուպցիոն բուրգում: Ուստի՝ անարդար է «խոշորներին» շրջանցելով՝ մանրերին կամ միջիններին որսալը: