«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի և Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Մամեդովի շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալը շարունակում է աճել նոր մանրամասներով. գրում է haqqin.az-ը:

 

Նախօրեին մրցույթի համակարգող Սիտցե Բաքերը հայտարարել է, որ Ադրբեջանի և մասնակից մի քանի երկրների կողմից կաշառք առաջարկելու հավանական փորձերի մասին տեղեկատվությունը կստուգվի:

 

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի գործադիր տնօրեն Յան Օլա Սանդն իր հերթին նշել է, որ նրանք գործընկերների հետ միասին դիմել են «Digame» ընկերությանը, որը զբաղվում է հեռուստադիտողների ձայների հաշվարկով:

 

«Մենք նաև մի քանի նամակ ենք ուղարկել Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել»,-ասել է Յան Օլա Սանդը:

 

Իսկ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության մամլո ծառայության ղեկավար Թաիր Մամեդլին իր հերթին հերքել է Սանդի խոսքերը և ասել, որ նրանք ոչ մի նամակ չեն ստացել:

 

Հիշեցնենք, որ մի շարք հեռուստաալիքների ղեկավարներ պնդում են, որ Ադրբեջանը և ևս մի քանի երկիր կաշառք են առաջարկել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում իրենց մասնակիցների օգտին ձայների համար: Ինչպես գրում է Daily Mail-ը, Ադրբեջանն ու ևս 4 երկիր դիմել է բազմաթիվ անազնիվ մեթոդների՝ ավելի շատ ձայն հավաքելու նպատակով: Պարբերականի փոխանցմամբ' Ադրբեջանն առաջարկել է այնպիսի խոշոր գումար, որը կբավականացներ ամբողջ տարին անհոգ ապրելու համար: