«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ, նուրսիստների (նուրչուլար) շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին հղած նամակում Ադրբեջանում նուրսիստների աղանդի ղկավար Անվեր Օզերենը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում գտնվող իրենց մարդու շնորհիվ Ադրբեջանի ՆԳՆ-ում, ֆինանսների, կրթության եւ արդարադատության նախարարություններում շարժմանը հաջողվել է հասնել իրենց մարդկանց թվի մեծացմանը:
Ինչպես հաղորդում է axar.az կայքը, նշելով, որ այդ նամակն իրենց է հասել վստահելի աղբյուրից, գրում է, որ Անվեր Օզերենը պնդում է, թե նուրսիստներն Ադրբեջանում շատ գոհ են նախագահի աշխատակազմում իրենց մարդկանցով, եւ որ հենց նրանց մարդու շնորհիվ է հաջողվել կարեւոր պետական պաշտոններում տեղավորել իրենց մարդկանց:
Նամակում Անվեր Օզերենը նաեւ գրում է, որ իրենք շարունակում են Ադրբեջանի երիտասարդական կազմակերպություններում իրենց մարդկանց ներդրումը' նպատակ հետապնդելով նրանցից կադրեր պատրաստել այդ երկրում ղեկավար պաշտոններում նշանակելու համար: Ադրբեջանական նուրսիստների ղեկավարը Ֆեթուլլահ Գյուլենին հղած նամակում խնդրում է օգտագործել իր բոլոր հնարավորություններն այն բանի համար, որպեսզի ԱՄՆ-ը ուժեղացնի ճնշումը Ադրբեջանի վրա: «Նախագահի աշխատակազմում գտնվող մեր բարեկամն ասում է, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում ԱՄՆ հետ իր հարաբերություններն ամրպանդելու համար: Խնդում եմ հասցնել ԱՄՆ-ում մեր բարեկամների ուշադրությանը, որ Ադրբեջանում մեզ վրա ճնշում է գործադրվում», -գրում է Օզերենը:
Մի քանի օր առաջ ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրել էր, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել Իլհամ Ալիեւի աշխատակազմում եւ կառավարությունում առկա բարձրաստիճան անձանց ցուցակը, որոնք մտնում են նուրսիստների կրոնական հոսանքի մեջ կամ կապեր ունեն դրա հետ: Այդ լուրը սկանդալ էր առաջացրել Ադրբեջանում: Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի հավաքագրած չինովնիկների ցուցակում նշվել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովի, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Խաիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Ինթիգամ Բաբաեւի, պատգամավորներ Ջեյհուն Օսմանլըի, Գանիրա Փաշաեւայի, նախագահի աշխատակազմին կից հասարակական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւի անունները:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ: