Ադրբեջանում չի կարելի թույլ տալ բացել որեւէ կրոնական հոսանքի' այդ թվում նաեւ Ֆեթուլլահ Գյուլենի նուրսիստների ազդեցության տակ գտնվող դպրոցներ եւ համալսարաններ: Նրանց շրջանավարտները ներկայացված են անգամ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում: Այս սենսացիոն հայտարարությունը haqqin.az-ին արել է «Միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ, Ադ րբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը' մեկնաբանելով այն տեղեկատվության հետ կապված սկանդալը, որ նախագահականի որոշ չինովնիկներ եւ ադրբեջանցի պատգամավորներ հավաքագրված են նուրսիստների աղանդի կողմից:

 

«Ինչքան գիտեմ, այդ դպրոցներն ու համալսարաններն այժմ փոխանցվել են Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը, բայց այնտեղ շարունակում են աշխատել նուրսիստների աղանդի հետ կապված մարդիկ», -ասել է պատգամավորը:

 

«Նուրսիստները հայտարարում են, որ իրենց շրջանավարտները ամենամեծ միավորներն են հավաքում ԲՈւՀ-երի ընդունելության քննություններում: Այդ դպրոցներում ուսումը տարեկան արժե մոտ 7 հազար մանաթ: Իսկ դա կարող են իրենց թույլ տալ միայն այն երեխաները, որոնց ծնողները մոտ են կանգնած քաղաքական վերնախավին», -նշել է նա:

 

Հասանգուլիեւի խոսքով' նուրսիստները երեխաների միջոցով ազդեցություն են գործում իշխանական կառույցներում աշխատող նրանց ծնողների վրա: Այդ դպրոցների շրջանավարտները դաստիարակված են համախմբման ոգով եւ տրամադրված են այն բանին, որպեսզի հետագայում մշտապես պաշտպանեն միմյանց:

 

«Ես կողմնակից եմ, որ միջնակարգ դպրոցները գտնվեն պետության վերահսկողության տակ: Չի կարելի անչափահասներին մոտ թողնել որեւէ հոսանքի ներկայացուցչի: Ես բազմիցս զգուշացրել եմ այդ մասին: Պետությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ: Եթե դրանք չիրագործվեն, ապա Ադրբեջանի աշխարհիկ պետությանը վտանգ է սպառնում», -ասել է պատգամավորը:

 

Գուդրաթ Հասանգուլիեւը նաեւ նկատել է տվել, որ Ադրբեջանի խորհրդարանում նուրսիստների աղանդի ներկայացուցիչներ կան, սակայն, հրաժարվել է տալ նրանց անունները' հղում կատարելով ապացույցների բացակայությանը:

 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական-հասարակական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող շարժում է: Գյուլենական համայնքը հարյուրավոր դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում եւ Ադրբեջանում:

 

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: