Աշխարհում նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ ՀՀ ազգային ժողովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ կազմակերպել է հատուկ նիստ, որի շրջանակում երեխաները ներկայացնում են իրենց հուզող հարցերը:
Նիստում բացման խոսքով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ շնորհավորեց երեխաներին:
«Սա երեխաներին առնչվող երկրորդ տոնն է պաշտոնական օրացույցում, սակայն բոլորիս էլ պարզ է, որ այն, ինչ վերաբերում է երեխաներին, մշտապես դուրս է պաշտոնականության սահմաններից եւ ձեւաչափերից։ 25 տարի առաջ Հայաստանը նույնպես վավերացրեց երեխաների իրավունքների մասին կոնվենցիան։ Այսօր Ազգային ժողովը միանում է ՅՈւՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը՝ պաշտոնական խոսափողը տրամադրելով երեխաներին։ Երեխաների իրավունքներն ու դրանք պաշտպանելու պարտավորությունը մենք ամրագրել ենք նաեւ համապատասխան օրենսդրական հիմքով, սակայն մեր վերաբերմունքն ու ըմբռնումներն արձանագրել ենք ամենից առաջ մեր ազգային արժեհամակարգում։ Մեզ մոտ իսկապես յուրահատուկ սրտացավություն կա ընտանիքի, երեխայի, նրա ապագայի ու ճակատագրի հանդեպ։ Այլ բան է, որ մեր ընկալումներում ու ամենօրյա գործունեության մեջ դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի երեխաների համար ապահովենք ավելի բարեկեցիկ մանկություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Արա Բաբլոյանի դիտարկմամբ՝ երեխաների իրավունքների պաշտպանություն ասվածը հաճախ տեղավորում են մեծերի պատկերացումների շրջանակում առանց հաշվի առնելու, թե ինչպես է երեխան ինքը պատկերացնում այդ ամենը։ «Միասին պետք է խոսենք այն մասին, որ լավագույն փաստաթուղթն անգամ չի կարող ամրագրել բավարար կենսապայմաններ եւ ապահով մանկություն երեխաների համար, եթե բոլորս չգիտակցենք, որ երեխան իսկապես բարձրագույն արժեք է՝ այսօրվա իրավունքներով եւ ապագայի հույսերով»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
Նիստը կազմակերպվել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից ՅՈՒՆԻՍԵՖ -ի նախաձեռնությամբ: Նիստին ներկա են ԱԺ մի շարք պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: