Օրերս Գյուղատնտեսության նախարարությունում ոլորտի ղեկավարները` նախարար Իգնատի Առաքելյանի ղեկավարությամբ, քննարկել են Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, քննարկել են ԳՁՕ-ների օրենսդրական կարգավորմանը, կիրառմանը, անվտանգությանը, վերահսկողությանն առնչվող հարցեր: Նրանք կարծում են նաև, որ Հայաստանում անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել տրանսգենային գյուղատնտեսություն վարելը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն, ադրադառնալով խնդրին՝ նշեց, որ Հայաստանում ԳՄՕ-ի վտանգ չկա, պարզապես արհեստական աշխուժություն է ստեղծվել. «Մեզ մոտ ավելի շատ խնդիր կա Ռուսաստանից և այլ երկրներից Հայաստան ներկրվող սոյայի, մայոնեզի, մսամթերքի հետ կապված։ Շատ հնարավոր է՝ այդ սոյան, որը ԳՄՕ-ի (Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ) արդյունքն է, օգտագործվի մսամթերքի արտադրության մեջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ավելի շատ վտանգ այստեղ կա, քան այդ սերմերի հետ կապված:
«Բնագավառից հեռու մարդիկ, կապ չունի, որ գյուղնախարարությունում են աշխատում, առանց հասկանալու, թե ինչ են խոսում, փորձում են փնովել գյուղացու աշխատանքը, որը մենք թույլ չենք տա։ Մենք որևէ խնդիր չունենք ԳՄՕ-ի հետ կապված, հատկապես բանջարեղենի դեպքում։ Պարզապես մարդիկ կան, որ սերմ վաճառելու խնդիր ունեն, հատկապես գյուղնախարարությունն ունի այդ խնդիրը։ Տեղական սերմերը եթե այդքան լավն են՝ թող ֆերմերները ձեռք բերեն, ինչո՞ւ ձեռք չեն բերում, որովհետև ցածր բերքատու են»,- նշեց Բերբերյանը։
Անդրադառնալով ՀՀ ԱՄՆ դեսպանատանն օրեր առաջ ներկայացված ամերիկյան «Վալմոնթ» և «Մոնսանտո» ընկերությունների գործունեությանը Հայաստանում, նշեց՝ «Մոնսանտո» ընկերությունը զբաղվում է ԳՄՕ-ով, սակայն դրանով զբաղվում է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Ռուսաստանը, Չինաստանը. «Ասել, որ Հայաստանի բերքը վտանգված է՝ զազրախոսություն է: Իսկ իրենք հիմնականում արտադրում են սոյա, եգիպտցորեն, բրինձ, ցորեն: ԳՄՕ-ի վտանգը մեզ չի սպառնում, քանի որ մենք նման բաներ չենք արտադրում: ԳՄՕ-ները հիմնված են էժան կուլտուրաների վրա: Մեզ մոտ հիմնականում մշակում են թանկարժեք կուլտուրաներ, իսկ լոլիկի, կարտոֆիլի ԳՄՕ չկա»,- ասաց նա և նշեց, որ աշխարհում օրինակ չկա, որ ԳՄՕ-ն վնասում է մարդկությանը։
Բերբերյանի կարծիքով՝ քանի որ վերջին շրջանում բոլորը խոսում, բարձրաձայնում են ԳՄՕ-ի վերաբերյալ, գյուղնախարարությունն էլ փորձում է ցույց տալ, որ զբաղվում է ինչ-որ բանով։