ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատելու է հատուկ ռեժիմով:
Նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանն արդեն մեկնարկել է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին' չսպասելով լուսաբացին:
Ձմեռային տարեշրջանի ամբողջ ընթացքում նախարարության պաշտոնական կայքում և ԶԼՄ-ներով պարբերաբար լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում օպերատիվ տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա: Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա: Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: