Հայաստանը ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի աջակցությամբ ոչնչացնելու է մարտական պիտանելիություն չունեցող 140 միավոր զրահատեխնիկա և 21 միավոր զրահապատ մարտական մեքենա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին:
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրի շրջանակում ոչնչացվելու է մարտական պիտանելիություն չունեցող 140 միավոր տեխնիկա և 21 միավոր զրահապատ մարտական մեքենա: «3 տարվա բանակցություններից հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի միջոցով հատկացնել 1.3 մլն եվրո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ընդգծեց Զաքարյանը:
Մետաղի ջարդոնից ստացված գումարը' մոտ 100 հազար եվրո, կուղղվի ականազերծման ծրագրերին: Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանում նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում: