ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է բարձրացնել ապօրինի հատումների հետևանքով պատճառված վնասի հատուցման սակագները:
Այս կապակցությամբ` ՀՀ բնապահպանության նախարարությունը նպատակ ունի կարգավորել անտառից դուրս գտնվող տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերված ապօրինի մթերված փայտանյութի և դրանից արտադրված արտադրատեսակների վնասի հատուցման սակագները, ինչի արդյունքում վնասի հատուցման կրկնապատիկ չափը փոխարինվելու է հնգապատիկով:
Ըստ նախագծի` վերջին տարիներին զգալիորեն աճել է բնափայտի, այդ թվում վառելափայտի պահանջարկը, և հատումները հիմնականում իրականացվում են բնակավայրերին հարակից անտառներում` հանգեցնելով դրանց խոցելիության բարձրացմանը:
«Մյուս կողմից, առևտրի նպատակներով իրականացվող ապօրինի հատումների ընթացքում շինափայտ ստանալու համար մթերվում են տնտեսապես առավել արժեքավոր ծառատեսակներ` վտանգելով անտառների որակական հատկանիշները: Բացի այդ, անտառօգտագործումը ներկայումս, համաձայն տարբեր փորձագիտական գնահատականների, գերազանցում է նախատեսված չափաքանակները` բացասաբար անդրադառնալով անտառների վերարտադրողականության վրա:
Ելնելով վերը նշվածից և ապօրինի փայտանյութի տեղափոխումը կանխելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում»,- ասված է նախագծում:
Նախագծով ակնկալվում է նվազեցնել և կանխարգելել ապօրինի հատումները, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունները: