Կառավարության նոյեմբերի 23-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է ՀՖՖ-ի երկու ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստներ Արտակ Ալեկսանյանի և Սևակ Ագրամանյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ»։

 

Եվ, քանի որ Ալեկսանյանին և Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը, Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Ագրամանյանինը՝ 2018 թվականի օգոստոսի 4-ին, ուստի հնարավոր չէ նրանց այլևս պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար, անհրաժեշտ է Արտակ Ալեկսանյանին և Սևակ Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Նշենք, որ և՛ Արտակ Ալեկսանյանի, և՛ Սևակ Ագրամանյանի հաշվառման հասցեն նույնն է՝ ք. Երևան, Խանջյան 27: