Կառավարության նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Կառավարությունը 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 606‑Ա որոշմամբ' Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տվել մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը: Քանի որ Մովսիսյանի 27 տարին լրանում է 2014 թվականի օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից: