Հայաստանի կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին կազատի պարտադիր զինվորական ծառայությունից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 26-ի նիստի օրակարգում:
«Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Յուրա Մովսիսյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Կառավարությունը 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 606‑Ա որոշմամբ' Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը: Քանի որ Մովսիսյանի 27 տարին լրանում է 2014 թվականի օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։