«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը Լոռու մարզի Արդվի գյուղի անունից բաց նամակ-դիմում է ուղարկել Լոռու մարզից ընտրված և լոռեցի ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Կարեն Կարապետյանին, Էդուարդ Շարմազանովին, Արկադի Համբարձումյանին, Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին, Վանիկ Ասատրյանին, Արմենուհի Կյուրեղյանին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում: 

Բաց նամակ-դիմում գրված է.
 
«Լոռու մարզից ընտրված և լոռեցի հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ` Վահրամ Բաղդասարյան, Կարեն Կարապետյան, Էդուարդ Շարմազանով, Արկադի Համբարձումյան, Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Վանիկ Ասատրյան, Արմենուհի Կյուրեղյան,
 
Լոռու մարզի Արդվի գյուղի բնակչությունը դիմում է Ձեզ` որպես լոռեցիների, օգնության ակնկալիքով:
«ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ն ցանկանում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում, ինչով վտանգի տակ է դնում Արդվի գյուղի բնակչության առողջությունը և գոյությունը: Այս գործընթացին դեմ առնելու համար 2017 թ-ի հուլիսի 26-ին Արդվի գյուղը փակեց գյուղ տանող ճանապարհը «ՄԻՌԱՄ» ընկերության առաջ: Արտահայտելով իրենց կամքը` արդվեցիները «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ին մերժելու պահանջով դիմեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որի տակ ստորագրել է 94 բնակիչ, այսինքն` գյուղի ողջ հասուն բնակչությունը:
 
Ներկայումս ընկերությունը կատարել է խորամանկ քայլ` Արդվու վարչական տարածքում գտնվող 146 հա տարածքը դուրս բերելով նախագծից և փոխարենը թողնելով Մղարթի 54 հա տարածքը: Այդ հողերը Մղարթի բնակելի տներից գտնվում են 3.4 կմ հեռավորության վրա, իսկ Արդվու բնակելի տներից` 2.2 կմ: Ռելիեֆի առանձնահատկությունից ելնելով` Արդվին գտնվում է անմիջապես հանքերևակման ազդեցության գոտում, այդ տարածքից հոսող աղբյուրներից է օգտվում Արդվու բնակչությունը, այդ տարածքով հոսող անձրևաջրերը հոսում են դեպի Արդվու արոտավայրերը:
Շեկաղբյուրի հանքերևակումը ոսկի-բազմամետաղային է, ինչը նշանակում է, որ հանքաքարի պարունակության մեջ հիմնական տարրերը կապարը և ցինկն են, իսկ մյուս տարրերն ուղեկցող տարրեր են (ոսկի, արծաթ, պղինձ, բիսմուտ, սելեն, թելուր, արսենիում (մկնդեղ), ծարիր, լանտանոիդների խմբի մետաղներ և այլ տարրեր, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար և անկառավարելի կդարձնեն մեր ջրերի և հողերի աղտոտումը դրանցով:
 
«ՄԻՌԱՄ» ընկերությունը, առանց Արդվի գյուղին տեղեկացնելու, սույն թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քննարկում է անցկացրել Մղարթ գյուղում և, ստանալով Մղարթի նախնական համաձայնությունը, Շեկաղբյուրի ծրագրի փաստաթղթերն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարություն բնապահպանական փորձաքննության: Բնապահպանության նախարարությունն ընդունել է «ՄԻՌԱՄ»-ի հայտը փորձաքննության` ճանաչելով նաև Արդվի գյուղը` որպես Շեկաղբյուրի ծրագրի ազդակիր բնակավայր: Շեկաղբյուրի ծրագրի հանրային 2-րդ լսումները նշանակված են սույն թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղարթում:
Այսպիսով, Արդվի գյուղի բնակիչների բացասական կարծիքը, որը նաև հաստատված է փաստաթղթերով, անտեսվել է: «ՄԻՌԱՄ» ընկերությունը խախտել է Արդվի գյուղի`որպես ազդակիր բնակավայրի տեղեկացված լինելու իրավունքը և որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքը:
 
«ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ի կողմից Շեկաղբյուրի ծրագրի իրականացման արդյունքում կխախտվեն մեր հիմնարար իրավունքները. առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը:
 
Այս խնդիրն ավելի է սրվել համայնքների խոշորացման արդյունքում, քանի որ Արդվին կորցրել է իր ինքնուրույնությունը, և անորոշ է, թե ինչ որոշում կկայացնի խոշորացած Օձունը այս հարցի վերաբերյալ: Այսպիսով, «ՄԻՌԱՄ» ընկերության նման գործելաոճը նպաստում է ներհամայնքային կոնֆլիկտների սրմանը և համայնքների խոշորացման ծրագրի ձախողմանը:
 
Արդվեցիները դիմում են ձեզ, որպեսզի դուք, որպես ժողովրդի ընտրյալներ, աջակցեք Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում:
 
Թույլ չտանք Հայաստանի էկոլոգիապես մաքուր եզակի գյուղերից մեկի` Արդվիի թունավորումը հանքարդյունաբերական արգասիքներով»:
 
«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ
 
22.11.2017թ.