ՀՀ Լոռու Օձուն համայնքի Արդվի գյուղի բնակիչները ստացել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված նամակի պատասխանը, որով վարչապետին խնդրում էին կանգնեցնել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը, որը խոչընդոտում է Օձուն համայնքի զարգացման ծրագրին:
Ի պատասխան նամակի`վարչապետի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանը հայտնեց.
«Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված Ձեր 30.11.2016թ. դիմումի, տեղեկացնում եմ, որ փորձաքննական գործընթացում ի հայտ եկած առաջարկություններով, ինչպես նաև հանրության մտահոգություններով և հարցադրումներով, 07.12.2017թ. ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերադարձվել է լրակազմման (ՇՄԱՓԿ- գրությունը կցվում է):
Փորձաքննական գործընթացն իրականացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Գործընթացին ներգրավվել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ մշակույթի նախարարությունները:
Նախնական գնահատման հայտի լրամշակված տարբերակը ներկայացնելու դեպքում Օրենքի շրջանակներում հնարավորինս հաշվի կառնվի հանրության կողմից բարձրացված հարցադրումները և հանրության կարծիքը»,- նշված է նամակում:
«Միռամ» ՍՊԸ-ին ուղարկված ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի նամակում նշված են մի շարք պահանջներ.
«-Հաշվի առնելով փորձաքննության գործընթացում վեր հանված դիտողությունները, ինչպես նաև, ինտերնետային կայքերում հրապարակված նյութերը, անհրաժեշտ է համապատասխան մասնագետների միջոցով իրականացնել տարածքի հիդրոլոգիական ուսումնասիրություն և ներկայացնել հստակ տեղեկատվություն և հիմնավորումներ տարածքում առկա մակերևույթային և ստորերկրյա ջրերի և ջրաղբյոուրների վերաբերյալ և դրանց պահպանությանն ուղղված համապատասխան միջոցառումներ:
-Անհրաժեշտ է ներկայացնել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումները, այդ թվում ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 15.06.2017թ. N676-Ն որոշման հավելված 1-ի պահանջներին: Անհրաժեշտ է ներկայացնել միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի գումարային գնահատումը՝ արդի շուկայական արժեքներին համապատասխան:
-Ներկայացված նախնական գնահատման հայտում հողաբուսաշերտի հզորությունը ներկայացված է 0,65մ, սակայն ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալներում և գումարային հաշվարկներում հողաբուսաշերտի հզորությունն ընդունված է 0,3մ: Անհրաժեշտ է ճշգրտել և հիմնավորել:
-Երկրաբանական ուսումնասիրության նպատակով նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցն անհրաժեշտ է ճշգրտել և խմբագրել, քանի որ 2017թ-ին աշխատանքներ են նախատեսված:
-Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հայտը վերադարձվում է լրակազմման»: