Վերջին շրջանում, պայմանավորված հատկապես անտառային հրդեհների, ապօրինի անտառահատումների, որսագողությունների մասին հաճախ ստացվող հաղորդումներով և այլ տհաճ իրավիճակների մասին մամուլում հաճախ արծարծվող խոսակցություններով, ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնվել էր հասարակական ուշադրության կենտրոնում: Բոլորին ակնհայտ էր դարձել, որ կա՛մ նախարարությունը զուտ ֆիզիկապես ի զորու չէ կանխելու ոլորտում պարբարաբար արձանագրվող ու բավական լայն մասշտաբներ ստացած ապօրինությունները, կամ՝ դիտավորյալ կերպով աչք է փակում կատարվածի վրա: Այլ բացատրություն գտնելն ուղղակի հնարավոր չէր:

Հայտնի է դարձել, որ Արծվիկ Մինասյանի նախարարության աշխատակազմին ներքին գործուղումների նպատակով հատկացված գումարներն ամբողջությամբ սպառվել են: Միլիոնավոր դրամները, որ բյուջեից հատկացվել էին նախարարությանը, որպեսզի այս մարմինը դրանք օգտագործի ներքին հետաքննություններ անցկացելու, ապօրինությունները բացահայտելու, դրանք կանխելու և այլնի վրա, փաստորեն, ժամանակից շուտ վերջացել են, ինչը նշանակում է, որ նույնիսկ մեծագույն ցանկության պարագայում՝ Բնապահպանության նախարարությունն ի վիճակի չի լինելու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, լիարժեքորեն իրականացնել սեփական գործառույթները: Ի դեպ` հատկանշական է, որ այս մասին հաղորդվում է հենց այն սեզոնին, երբ ոլորտում ամեն տեսակ ապօրինությունների հավանականությունը սովորաբար մի քանի անգամ ավելանում է: Ինչևիցե, փաստ է, որ փող այլևս չկա:

Բնական հարց է առաջանում` ո՞ւր են անհետացել այն միլիոնավոր դրամները, որոնք հատկացվել են նախարարությանն այն պարագայում, երբ, ակնհայտ է՝ դրանց տված արդյունքներն այնքան էլ տեսանելի չեն: Երկրորդ` որքանո՞վ է պատահական այն ժամանակահատվածը, որի ընթացքում հայտարարվում է փող չլինելու մասին. ստեղծվում է տպավորություն, թե ապագա հնարավոր թերացումներն (որոնք իրականում անխուսափելի են լինելու) ամենևին էլ նախարարության մեղքով չէ, որ կարող են տեղ գտնել հետագայում կամ ներկայում: Ճիշտ է` ասում են՝ նախարարությունն արդեն դիմել է կառավարությանն` իրեն հատկացնելու հավելյալ տասնյակ միլիոններ, սակայն ակնհայտ է, որ դրանից հարցի սրությությունն ու հրատապությունը չեն վերանում:

Մնում է ուղղակի հուսալ, որ կառավարությունն այս անգամ էլ առատաձեռն կգտնվի ու ճիշտ ժամանակին (հուսով ենք) համապատասխան հատկացումներ կանի Բնապահպանության նախարարությանն, ու «օրենքին ղուրբան լինող» չինովնիկներին, այնուամենայնիվ, կընձեռվի հնարավորություն` հետաքննելու հայտնաբերելու, կանխելու մայր բնության գլխին վաղուց պատուհասի վերածված ապօրինությունները. ամանորյա տոները միայն անհունորեն բացում են բնության հաշվին պարարտանալ սովորների ախորժակը, ու ցանկություն կա մտածելու, որ նրանց ձեռքն, այնուամենայնիվ, բռնողներ կգտնվեն:

Թե՞ չեն գտնվի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ