«Փաստ» օրաթերթը գրում է.


Պարզվում է' «Հայանտառ ՊՈԱԿ–ի ենթակայության տակ գործող անտառտնտեսություններն իրականում բավականին յուղոտ պաշտոններ են, իսկ ապօրինի ծառահատումները կոծկելն ու հատված ծառերի քանակը կաշառքով «ջրելը»՝ նորմալ երևույթ:


Այս պահին ՀՔԾ–ում քննվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական–դատավարական գործողություններ:


Նման գործեր չէին հարուցվի, եթե տարիներ շարունակ անտառտնտեսությունների ղեկավարները սրբի դեմք չընդունեին ու չծիծաղեին սեփական ժողովրդի վրա, հատված ծառերից գոյացած գումարները չլցնեին սեփական գրպանները: Այս կառույցներում թաքնված կոռուպցիոն երևույթները հնարավոր եղավ բացահայտել, երբ անցյալ տարի անտառտնտեսություններում սկսվեցին լայնածավալ տեսչական ստուգումներ իրականացվել:
Բոլոր տեղերում էլ գրեթե նույն խախտումներն են՝ պաշտոնեական դիրքի չարաշահում,պաշտոնական կեղծիք, կաշառքի, պետական գույքի վատնման և այլն: Բայց եթե անտառտնտեսությունների գործով արդեն կան ձերբակալվածներ, որոնց շրջանակը դեռևս ամբողջական չէ, ապա կան նաև այնպիսիք, ովքեր հանգիստ բազմել են պատգամավորի աթոռին: Օրինակ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ով 2015–2017 թվականներին ղեկավարել է «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Իջևանի» մասնաճյուղը: Մինչ անտառտնտեսությունում տեղավորվելը, մոտ 5 տարի նա զբաղեցրել է Իջևանի փոխքաղաքապետի պաշտոնը:


Ի դեպ, պարզվում է, որ երբ այս տարի գյուղացիները փակում էին միջպետական ճանապարհն ու բողոքում, որ անտառի փեշին ապրելով, զրկված են վառելափայտ հավաքելու և ձմռանը տաքանալու հնարավորությունից, իրականում փողոց էին փակել ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ գյուղացիների թիկունքում թաքնված ու անտառի հաշվին ապօրինի հարստացողների ստվար բանակի նախաձեռնությամբ:


Ավելացնենք նաև, որ այս պահին «Իջևան» մասնաճյուղի մասով 11 քրեական գործ կա Տավուշի մարզային քննիչների վարույթներում, ինչն ի դեպ չհերքեցին «Հայանտառ» ՊՈԱԿ–ից:
«Փաստի» տեղեկություններով, այս պահին քննվող 8 քրեական գործեր միացվել են մեկ վարույթի մեջ, որոնցից միայն 4–ը վերաբերում է «Իջևանի» մասնաճյուղին: Դրանք, ինչպես «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության դեպքում էր, վերաբերում են պաշտոնական անփութությանը, պետական գույքի վատնմանը, պաշտոնական կեղծիքին և կաշառք տալուն:


«Փաստն» ուշադրության կենտրոնում կպահի այս քրեական գործերը և առաջիկայում հանգամանալից կանդրադառնա դրանց:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում