«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ալեքսանյանն ավելի շատ «գիդ» է, քան խմբի ղեկավար: Նա ընդունում է Իրաքից Հայաստան ժամա­նած բիզնեսմեններին, պաշտոնյաներին, պատիվ տալիս, զվարճացնում և այլն, իսկ արարողակարգային հանդիպումները վարում են խմբի շարքային անդամները: Սակայն, վերջիններս նույնպես առանձնահատուկ աշխատասիրությամբ աչքի չեն ընկնում, ապացույցն էլ՝ պարապուրդի մատնված բարեկամական խումբն է, որի մասին հիշատակվում է միայն այն դեպքում, երբ մամուլում Սամվել Ալեքսանյանի բիզնեսի ընդլայնման մասին տեղեկատվություն է տարածվում:
 
Հայ-Իրաքյան բարեկամական խմբի համար առանձնհատուկ վիզ է դնում հենց Սամվել Ալեքսանյանը, քանի որ խմբի մնացած անդամները Իրաքյան գործընկերներից բիզնես ակնկալիքներ չունեն: Բոլորի համար արդեն իսկ հասկանալի է, որր տավարի մսի ներկա եւ սպասվող թանկացումները` մինչեւ 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլեւ մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան: Բացի այդ, Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը սկսել է նսև վիսկի արտադրել և ուղարկել այնտեղ։ Միայն այս տարվա հունվարին Իրաք է արտահանվել մոտ 200 հազար լիտր վիսկի: Լավ է, իհարկե, որ Հայաստանից ինչ-որ բան է արտահանվում։ Իսկ թե ինչու հատկապես վիսկի և հատկապես Քրդիստան՝ կարելի է միայն ենթադրել։ Ըստ երևույթին Սամվել Ալեքսանյանը նոր է իմացել, որ Հայոց ցեղասպանությունը նաև քրդերի ձեռքով է իրականացվել և որոշել է վրեժ լուծել։ Ի դեպ՝ արտահանվող վիսկին հայկական բրենդ չունի, բրենդն իրաքյան պատվիրատուներն իրենք են ընտրում։Պարզ ասած՝ վիսկին այստեղից ուղարկվում է, իրենք այնտեղ ինչ շշի մեջ ուզում լցնում են ու անունն ինչ ուզում՝ դնում են։ Տեղն է նրանց։ Իսկ ահա մեզ համար միակ մտահոգիչ փաստն այն է, որ Սամվել Ալեքսանյանի հավաստմամբ՝ իրենք արդեն վիսկիի համար առանձին արտադրամաս են կառուցել։ Մնում է հուսալ, որ հայ-իրաքյան բարեկամական խումբը կնպաստի նրան, որ ամբողջ արտադրանքը արտահանվի Իրաք, և հայկական շուկայում երբևէ չեն հայտնվի «Սինգլ Մալաթիա», «Չիվաս Ռեգուլյար» և այլ անվանումներով վիսկիներ:
 
Ստելլա Խաչատրյան