Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով, վերահսկողությունից հաշվեքննության անցնելու հրամայականով և Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության ինդոսային ստանդարտներին համահունչ Հաշվեքննիչ պալատ ունենալու հրամայականով: «Սահմանադրությունը շատ հստակ ձևակերպում է այն հրամայականը, որ մենք պետք է ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Նա մանրամասնեց, որ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ խորհրդարանը վերահսկողություն է իրականացնելու գործադիր իշխանության, պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից վերցված փոխառությունների և վարկային միջոցների օգտագործման նկատմամբ, ուստի չեն կարող նույն լիազորությունները վերապահել մեկ այլ մարմնի. այդպիսով կստացվեր սահմանադրական կոնֆլիկտ: «Հետևաբար, բնական է, որ մենք Սահմանադրությամբ ունենք նոր որակի կառույց՝ հաշվեքննիչ պալատ, որը պետք է իրականացնի հաշվեքննություն»,- պարզաբանեց պատգամավորը:
Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ Հաշվեքննիչ պալատը ինքն է հաստատելու իր գործունեության ծրագիրը և լինելու է ավելի անկախ մարմին, քան Վերահսկիչ պալատը: «Տարընթերցումներից խուսափելու համար հայտնեմ, որ ներկայացված փաթեթում առաջարկվում է փոփոխություն «Աուդիտորական ընկերությունների գործունեության մասին» օրենքում, որ պետական հանրային հատվածում իրականացվող աուդիտը կոչվում է հաշվեքննություն»,- ընդգծեց Մինասյանը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ ի տարբերություն Վերահսկիչ պալատի, որը ներկայացնում է եզրակացություն պետական բյուջեի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկանքի վերաբերյալ, Հաշվեքննիչ պալատը ներկայացնելու է պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննություն: «Սա կբարձրացնի խորհրդարանի հնարավորությունները, որը կկարողանա հենվել այդ անկախ մարմնի եզրակացության վրա և կատարել իր հիմնական գործառույթներից մեկը՝ հաստատել պետական բյուջեի կատարողականը»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: