«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Այս տարվա սեպտեմբերին Երեւանի «Նորք» հոգեբուժական կենտոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ստեղծելու որոշումից հետո այժմ էլ կառավարոթյունը պատրաստվում է կարճ ժամանակվա ընթացքում վաճառել ազատված տարածքը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում: Հայտնի է նաեւ գնորդը:
Նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել սեփականության իրավունքով «Նորք հոգեբուժական կենտրոն»-ին պատկանող շուրջ 6 900 քառ. մետր մակերեսով շենք շինությունները եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ շուրջ 2 800 հեկտար մակերեսով: Նպատակն է կառուցել բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն:
Կառավարությունն ընդառաջ է գնում այդ առաջարկին եւ թույլատրում գույքի օտարումը:
Գույքի գնահատված արժեքը շուրջ 870 միլիոն դրամ է, վաճառքի գինը՝ նույնպես: Ք. Երեւան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող շենք-շինությունների ընդհանուր մակերեսը գրեթե 6 900 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը մոտ 2 770 հեկտար է: Հողամասի կադաստրային արժեքն ավելի քան 456 միլիոն դրամ է:
Առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո գնորդից ակնկալվում են ներդրումներ: Նախագծում նշվում է, որ պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում «Հին Նորք» բիզնես կենտրոն ընկերությունը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով պետք է իրականացնի 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում եւ ստեղծի 1 000 աշխատատեղ:
Կառավարության որոշման նախագծում նաեւ որոշակի տեղեկատվություն կա «Նորք» հոգեբուժական կենտոնի տարածքը ձեռք բերող ընկերությունների գործունեության ոլորտի մասին:
«Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն եւ վերջինիս հետ հիմնադիրների մասով փոխկապակցված ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ ընկերությունների կողմից ստեղծված համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս: Նպատակ ունենալով խթանել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ ստեղծել այդ ոլորտում լրացուցիչ աշխատատեղեր՝ «Հին Նորք» ՓԲԸ-ն նախատեսում է ք. Երեւան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելու դեպքում վերակառուցել այն ժամանակակից բիզնես կենտրոնի, որը հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկայով: Բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երեւանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն»,- կարդում ենք նախագծում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում